Հասարակություն

«Բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում»․ Գնել Սանոսյան

«Բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում»․ Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանում ևս մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում` նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր, ամենօրյա ռեժիմով իրականացնեն կարիքների գնահատում, որպեսզի որևէ մեկը ուշադրությունից դուրս չմնա։ 

Նախարարը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին հնարավորինս արագ ապահովել գրենական պիտույքներով, որպեսզի նրանք սկսեն հաճախել դպրոց։ Հաշվի առնելով այն փաստը, որ մարզում հյուրանոցային տնտեսություններ գրեթե չկան, և որոշակի թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում` նախարարը հանձնարարել է այդ ընտանիքների համար գտնել բնակելի տներ, որտեղ ապրելու համար կլինեն բավարար պայմաններ։ 

Հաշվի առնելով աշխատանքի ծավալը` նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, աշխատանքներում ներգրավել կամավորների։ Նախարարը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։ Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։ Արարատի մարզում այս պահին տեղավորվել է 15․569 քաղաքացի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250