Եվրախորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավորներ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը, Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանի կողմից հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նրանք ԵՄ Խորհրդին կոչ են արել հիմնովին վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

 

«Նախապես ծրագրված այս հարձակումը բացարձակապես անընդունելի է: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ տարբերակն է: ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին»,- նշված է հայտարարությունում։

 

Եվրապատգամավորները նշել են, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: Նրանք Ադրբեջանի նախագահին հորդորել են հաշվի առնել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ ամենաբարձր մակարդակով վերսկսելու բանակցությունները։

 

«Հիշեցնում ենք՝ հարձակումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ֆոնին: Հումանիտար նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր կատարման ենթակա որոշումները, արգելափակել է Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիությունը պետք է ամբողջությամբ և մշտապես վերականգնվի։

 

Մեզ անհանգստացնում է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի գործողությունները խաղաղ բնակչության վրա, կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ ռազմական էսկալացիան որպես պատրվակ օգտագործելուց և տեղի բնակչությանն այդպիսով չստիպել արտագաղթել»,- նշված է հայտարարությունում։