Գեղարքունիքի մարզպետը սահմանից, բնակավայրերից մանրամասներ է հայտնում

Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ–ի կողմից կրակոցների դեպքեր այս պահին արձանագրված չեն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

«Այցելել եմ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրեր։ Իմ այցի ժամանակ որևէ կրակոց որևէ բնակավայրում լսելի չի եղել։ Քաղաքացիական կյանքում որևէ փոփոխություն չի եղել։ Կային բնակիչներ, որոնք դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էին կազմակերպում, իրենց հետ զրուցել եմ, ասում էին, որ իրենք ոգևորված իրենց աշխատանքներն են կազմակերպում»,– նշեց Սարգսյանը։

 

Նշենք, որ ՊՆ-ն քիչ առաջ տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ադրբեջանական կողմն ինչպես է լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։ 

 

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։ 

 

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։ 


 

Քաղաքականություն