
Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ

Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը հետաքննում է Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիին՝ արժույթի հարցերով բորսայում անօրինական գործարքների գործերով։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Սաթեյշին։
«Նա հոգևորական է, նրա դեմ գործեր են հարուցվել հոգևորականների գործերով հատուկ դատախազությունում», - ասել է Սաթեյշին՝ պատասխանելով Ռոհանիի՝ բորսայում և արժույթով գործարքներում հնարավոր խախտումների մասին հարցին։ Իրանի դատական համակարգի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը նշել է նաև, որ գործը հարուցվել է Ռոհանիի դեմ իբր կատարված արժութային խարդախության, ինչպես նաև Իրանի ֆոնդային շուկայում միջամտության առնչությամբ։
Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի օգոստոսը։ Նա երկու ժամկետ է ծառայել որպես պետության ղեկավար։ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը Իրանում տեղի ունեցան հակակառավարական լայնածավալ ցույցեր, որոնց ժամանակ ցուցարարները դժգոհություն հայտնեցին, մասնավորապես, Ռոհանիի նախագահությունից։
2021 թվականի օգոստոսին մի խումբ իրանցի խորհրդարանականներ հայց են ներկայացրել՝ պնդելով, որ Հասան Ռոհանին չի կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանականները, մասնավորապես, մատնանշել են, որ պարոն Ռոհանիի նախագահության օրոք արժեթղթերի շուկայում տեղի ունեցավ փլուզում, և շատ ներդրողներ կորցրին իրենց կարողության մեծ մասը։