Շոլցին կոչ են արել Ուկրաինային «Taurus» հեռահար հրթիռներ փոխանցել
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շվարցը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Կիևին փոխանցել «Taurus» հեռահար թևավոր հրթիռներ: Այս մասին նա խոսել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումն այնքան էլ արագ չի ընթանում, և ուկրաինական բանակը չունի որևէ լուրջ ավիացիա՝ աջակցության համար։
«Մնում են միայն կառավարվող զենքերը, ինչպիսիք են «Taurus» թեւավոր հրթիռները, որոնց միջոցով ուկրաինական բանակը կարող է հաղթահարել ռուսների կողմից ստեղծված ականապատ դաշտերը և ետ գրավել տարածքը»,- պարզաբանել է Շվարցը։
Պատգամավորը կարծում է, որ Բեռլինը ժամանակ է վատնում՝ հրաժարվելով թևավոր հրթիռներ մատակարարելուց, ինչպես տանկերի մատակարարման պարագայում էր։ Ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորուսի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Taurus»–ն օգտագործելու հնարավորության մասին մտահոգություններին, պատգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ունեն միջոցներ՝ հարվածելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող թիրախներին, դրանք են «Mars» և «HIMARS» հրետանային համակարգերը։