
«Այլ տարբերակ չկա». Արցախի Հացի գյուղի 7 հոգանոց ընտանիքում հացն ուտում են` ըստ տարիքի

Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի Արմինեենց բազմանդամ ընտանիքում հացը ուտում են` ըստ տարիքի։ Մեծ ընտանիքի 7 անդամներից 2-ը մանկահասակ են, 2-ը՝ տարեց, սկզբում հացն ուտում են փոքրերը, հետո՝ մեծերը։ Այլ տարբերակ չկա. ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Հացի գյուղում ո՛չ ալյուր կա, ո՛չ դիզվառելիք, ո՛չ ցորեն, լույսն էլ մարդկանց հույսի պես՝ գալիս-գնում է։ Այս մասին գրում է MediaHub-ը:
«Մենք գյուղում խանութ ունենք, օրական 20-30 հատ ենք հաց ստանում։ Մեր տուն հազիվ օրական 1-2 հաց գա։ Էս վիճակով պայմանավորված ՝ամեն ինչին էլ հարմարվում ենք։ Ընտանիքում ես եմ, ամուսինս, նրա եղբայրն ու ծնողները եւ մեր 2 անչափահաս երեխաները՝ մեկը 1.5 տարեկան, մյուսը՝ 2,5։ Վատ է հիվանդների վիճակը, շատ է լինում, որ տրանսպորտի պատճառով չեն կարողանում գնալ ստուգումների։ Երթուղայինը շաբաթական 3 անգամ է գործում»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։
Այս ընտանիքի մանկահասակ երեխաները, ինչպես Արմինեն է ասում՝ վաղուց մրգի երես չեն տեսել։ Մեծ որդին՝ 2,5 տարեկանը, գրքի նկարազարդումներ անելիս մոռանալով բանանի գույնը, մորը հարցրել է՝ «մամ, բանանն ի՞նչ գույն ունի»։
«Մեծ տղաս պատկերներ գունավորելիս հարցնում է՝ մամա, բանանը ի՞նչ գույնի է լինում, մոռացել եմ։ Մեծը պատկերացնում է, թե ինչ է կատարվում։ Շատ ժամանակ, երբ փոքր որդիս ինչ-որ բան է ուզում, մեծն ասում է՝ բալաս, չկա, թուրքերը ճամփեն փակել են»,-պատմել է Արմինեն։
2,5 տարեկան փոքրիկը մորը հաճախ է նույն հարցը տալիս՝ «մա, ինչի են թուրքերը շրջան կազմել, ճանապարհը փակել, չեն թողնում գնանք Հայաստան»։ Արմինեն, որ հեռվում նշմարվող հույսն արդեն կորցրել է, որդուն հուսադրող խոսքերով է սփոփում՝ «լավ կլինի, տղաս»։
Նշենք, որ 19 բեռնատարով «Սնունդ կյանքի համար» մարդասիրական օգնությունը, որ երեկ Երևանից շարժվել է դեպի Արցախ, կանգ է առել Սյունիքի Կոռնիձոր գյուղում, սակայն Բաքուն դեռ չի թույլատրել բեռնատարների մուտքը Լաչինի անցակետ և Արցախ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: