
Թունավոր նյութեր են գտնվել Վրաստանի պատրիարքի տեղապահի արյան մեջ. ԶԼՄ-ներ

Վրացական մի քանի լրատվամիջոցներ միանգամից հայտնել են Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի փոխանորդ Վլադիկա Շիոյին (Մուջիրիին) թունավորելու ենթադրյալ փորձի մասին, հայտնում է Новости-Грузия-ն։
Ըստ Rustavi2-ի՝ հոգեւորականի արյան մեջ կասկածելի նյութեր են հայտնաբերվել, իսկ խոսքը երկար ժամանակ շարունակ փուլային թունավորումների մասին է։
TV Mtavari-ն հայտնում է, որ տեղապահը վերջերս վատ էր զգում և մեկ շաբաթ առաջ ծառայության ժամանակ թուլությունից հետո նա հետազոտվել էր։ Mtavari-ն պնդում է, որ նրա օրգանիզմում մկնդեղի հետքեր են հայտնաբերվել։
TV Pirveli-ն պնդում է, որ հոգեւորականին շտապ տեղափոխել են արտերկիր՝ բուժման։
Ո՛չ պատրիարքարանը, ո՛չ ներքին գործերի նախարարությունը դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։
Սենակի և Չխորոցկի միտրոպոլիտ Շիո Մուջիրին պատրիարքական տեղապահ է նշանակվել 2017թ.-ինԼ Համաձայն ԳՕԿ-ի կառավարման կանոնակարգի՝ պատրիարքական տեղապահը ժամանակավորապես կառավարում է Եկեղեցին Պատրիարքի մահվան կամ հրաժարականի դեպքում և կազմակերպում է նոր պատրիարքի ընտրություն։
54-ամյա միտրոպոլիտ Շիոն՝ աշխարհում Էլիզբար Մուջիրին, ԳՕԿ-ի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Սուրբ Սինոդի անդամ է, որը բաղկացած է 47 եպիսկոպոսներից։ 2003 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս եւ նշանակվել Սենակի եւ Չխորոցքի թեմի առաջնորդ։ Մինչ այդ նա եղել է Մոսկվայի վրացական սփյուռքի Սուրբ Գևորգ տաճարի առաջնորդը։ Զուգահեռաբար սովորել է Մոսկվայի Սուրբ Տիխոնի աստվածաբանական ինստիտուտում։ Նույն հաստատությունում 2015 թվականին ստացել է աստվածաբանության թեկնածուի կոչում։ Լրատվամիջոցները նրան անվանում են ապագայում Վրաստանի պատրիարքի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը։
Թունավորման պատմությունն առաջինը չէ Պատրիարքարանում։ Վեց տարի առաջ «ցիանիդի գործով» սկանդալ բարձրացավ՝ վարդապետ Գեորգի Մամալաձեն մեղադրվում էր Վրաստանի պատրիարքի քարտուղար-օգնականի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Մամալաձեին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, ուղեբեռում հայտնաբերվել է նատրիումի ցիանիդ։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ պնդելով, որ իրեն ապօրինի են դատապարտել, իսկ թույնն իր մոտ դրել են։