Փաստաբանների պալատի նախագահը ուղերձ է հրապարակել

ՀՀ փաստաբանների պալատը հրապարակել է պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը` փաստաբաններին․

 

«Հարգելի՛ փաստաբաններ,

 

Խորին շնորհակալություն եմ հայտնում ի պաշտպանություն փաստաբանական ինստիտուտի ծավալած միասնական, նպատակաուղղված և համակարգված գործողություններին ակտիվ մասնակցության համար:

 

Յուրաքանչյուրս մեր կողմից իրականացվող գործառույթներում, ի թիվս այլնի, առաջնահերթ ենք համարում մարդասիրությունը, արդարությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործում  նշված գաղափարների իրագործման հետևողականությունը:

 

Մեզ՝ փաստաբաններիս, որպես մեկ միասնական ընտանիքի, հատուկ է արժանապատվության բարձր զգացումը,  քանի որ հնարավոր չէ արժանապատիվ պաշտպանել այլոց իրավունքներն առանց այդ զգացման կրողը լինելու:

 

Ձեր ցուցաբերած պատրաստակամությունը և գործողությունները վերահաստատեցին փաստաբանական համայնքի ուժեղ և միասնական, վճռական և աներկբա լինելու փաստը:

 

Նկատի ունենալով, որ առաջադրված պահանջները դեռևս չեն կատարվել, առաջիկա օրերին կիրականացվեն թիրախային միջոցառումներ, կհրավիրվի ակումբի նիստ, որտեղ կամփոփվեն իրականացված ակցիաների արդյունքները և կհայտարարվի ձեռնարկվելիք հետագա քայլերի և գործողությունների ուղին:

 

Հ.Գ. Իրավական պետությունում պետք է գործնականում հաստատվի այն ճշմարտությունը, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պետությունից պահանջելու վերականգնել և պաշտպանել իր ոտնահարված իրավունքները:

 

Հարգանքով՝     

 

Սիմոն Բաբայան»։

Քաղաքականություն