Շինուհայր-Տաթև մայրուղին կվերանորոգվի

Իրան-Հայաստան մայրուղու Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի վերանորոգման համար նախագծային փաստաթղթեր են պատվիրվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

 

«Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պատվիրվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք մշակման փուլում են։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո համապատասխան կարգով կկազմակերպվի նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց», - ասված է գերատեսչության պատասխանի մեջ:

 

Ինչ վերաբերում է մեկ այլ՝ Տաթև - Կապան հատվածում նոր խնդիրների առաջացմանը, ապա դրանք, ինչպես նշում են նախարարությունից, պայմանավորված են ճանապարհի գերծանրաբեռնվածությամբ։ Պետական հանձնաժողովը դեռ չի ընդունել հանձնված շինարարական օբյեկտը շահագործման։

 

«Շինարարական ընկերությունն իր միջոցներով կվերացնի ի հայտ եկած թերությունները», - հայտնեցին նախարարությունից:

 

2022 թվականի նոյեմբերին գրել էինք, որ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Այն ժամանակ մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից նշել էին, որ ճանապարհը կվերանորոգվի 2023 թվականին։

 

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելուց հետո Իրանի հետ կապն իրականացվում է Շինուհայր-Տաթև-Կապան ճանապարհով: Շինուհայր-Տաթև հատվածում կան լեռնանցքներ, ճանապարհը նեղ է, ինչը խիստ դժվարացնում է երթևեկությունը:

Շամբ–Լծեն–Տաթև ճանապարհի շահագործումը պետք է լուծի ստեղծված խնդիրը։ Ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել 2023 թվականի վերջին։

Քաղաքականություն