Հասարակություն

«Որ տարածքը ուզենան խլեն, գերակա շահը դնելու են տակը, մտնեն, խլեն». Ֆիրդուսի բնակիչ

Mariam Z.
«Որ տարածքը ուզենան խլեն, գերակա շահը դնելու են տակը, մտնեն, խլեն». Ֆիրդուսի բնակիչ

Կառավարության դիմաց, այսօր՝ հունիսի 8-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները:

 

Նրանցից մեկը լրագրողներին հայտնել է, որ երեկ իրենց հարցով դատական նիստ է տեղի ունեցել, որին շատ դժվար էր դատական նիստ անվանել, ավելի շուտ փողոցի խոսակցություն էր հիշեցնում:

 

«Դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացմունքով լսում էր հայցվոր կողմին, իսկ պատասխանող կոմին անտեսում էր: Դատավորը նագլի պահվածքով ասում է՝ մեկ ա, ես անելու եմ: Ո՞նց ես անելու, մենք հիմա ժողովրդավարության բաստիոնում ենք ապրո՞ւմ, թե՞ դիկտատորական երկրում: Թուլ չենք տալու, պայքարելու ենք մինչեւ վերջ:

 

Դուք մտցրել եք գերակա շահ, բայց դա արվում է մեկ հոգու համար, անգամ մետրոն են փակում դրա համար: Ո՞րն է այստեղ գերակա շահը: Մեզ ասում են՝ լավ ենք անում, անելու ենք: Դե մենք էլ ասում ենք՝ կտեսնեք, թե որ մեկս ինչ է անելու: 

 

Եթե կառավարությունը այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետեւ, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Հետո չասեք էսինչ բանը անօրեն է: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք մեր ձեւով՝ մահակներով, քարերով պաշտպանելու ենք մեր սեփականությունը:  Մենք ուզում ենք, որ մեզ լսի եւ պատասխանի Նիկոլ Փաշինյանը:

 

Մեզ ասում են՝ 1-2 հոգու շահը չի կարող համայնքի շահից կարեւոր լինի, բայց դուք ստում եք, դուք մեկ հոգու շահը սպասարկելով համայնքին անտուն եք դարձնում: Սեփականատերերից խլում եք իրենց գույքը: Այդ շայկեն, որ մասնակից է այս ապօրինություններին, բոլորը պետք է դատվեն»,-ասել է նա:

Բնակիչը նկատեց, որ գերեկա շահ ասվածը հորինել են, որ ուզած տարածք կարողանան խլել սեփականատերերից:

 

«Որ տարածքը ուզենան խլեն, գերակա շահը դնելու են տակը, մտնեն, խլեն: Գերակա շահը ստեղծել են, որ շուկայական գնից, սեփականատիրոջ ցանկությունից ազատվեն, իրենց ուզած գինը հաշվարկեն ու խլեն»:

 

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

 

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

 

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից,  մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250