Գրիգորի Խաչատուրովը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ` 3 ամսով երկարաձգեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը:

 

Դատական նիստը տևեց շուրջ 6 ժամ։

 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովին ազատ չարձակելը հանցագործություն է։

 

«Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։ Չկա այդպիսի բան, որ անձը, օրինակ, ժամը 00։15 կալանավորվել է և շարունակաբար պետք է կալանքի տակ մնա, նման հարցերն օրով չեն հաշվարկվում։ Դա բացառված է և որևէ օրենքով նախատեսված չէ։ Անձի ազատության վերաբերյալ ցանկացած հարց հաշվարկվում է ժամերով։ Հենց հիմա հանցագործություն են անում ու ազատ չեն թողնում»,– ասել է Պողոսյանը։

 

Նա Խաչատուրովի աջակիցներին կոչ է արել դատարանի պատուհանների տակ ներկայացնել դատավոր Արամ Գրիգորյանի իրական կերպարը և վերջինիս որակեց որպես հանցագործ։

 

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Քաղաքականություն