«Ֆրանսիայի փորձերը դատապարտված են ձախողման». Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթյուրել է փաստերը
Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսում քննարկման է ներկայացվել բողոքի հայտարարություն՝ կապված մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած համաժողովի հետ, որն «ուղղված էր Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և դրսևորում էր միջազգային իրավունքի բացահայտ անհարգալից վերաբերմունք»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, հայտարարության մեջ ասվում է.
«Ցավալի է, որ Ֆրանսիայի խորհրդարանը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գործիք դարձավ Ադրբեջանի դեմ արշավ իրականացնող ուժերի ձեռքում։ Այն ժամանակ, երբ միջազգային ջանքերն ակտիվանում են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, Ֆրանսիայի Սենատի քայլը ծառայում է ռեւանշիզմին։ Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, խուսափելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, ակտիվ լինի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հետ կապված։
«Կորսիկայի ժողովուրդ» տերմինն արգելվել է որպես Ֆրանսիայի Սահմանադրությանը հակասող։ Սակայն Ֆրանսիան ձգտում է Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությանը ներկայացնել որպես «Արցախի ժողովուրդ»։ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներն ընդդեմ իսլամական անջատողականության, որոնք մշտապես միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին, լայնորեն օգտագործվում են այս երկրում ազատությունները սահմանափակելու համար։ Այս առումով Ֆրանսիայի Սենատում կայացած համաժողովը քաղաքական կեղծավորության վառ օրինակ է։
Տարածաշրջանում կորցրած դիրքերը վերականգնելու Ֆրանսիայի կոպիտ փորձերը դատապարտված են ձախողման։ Միլի Մեջլիսը դիմել է կառավարությանը, որ Ֆրանսիան, որը անարդար վերաբերմունք է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, չպետք է ներգրավվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի դեռ չի փոխել իր դիրքորոշումը։
Ֆրանսիական կողմի վերջին սադրիչ քայլերի համատեքստում Ադրբեջանի խորհրդարանը ևս մեկ անգամ ցուցադրում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ կոչ անելով Ֆրանսիայի Սենատին՝ հրաժարվել Հարավային Կովկասում իրադարձությունների խեղաթյուրման, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատմանը նպաստելու համար»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ներկայացվել է քննարկման և ընդունվել։
Հարկ է նշել, որ ադրեջանական կողմը պարբերաբար նման հայտարարություններով է հանդես գալիս ֆրանսիական կողմի վերաբերյալ, այն պատճառով, որ Ֆրանսիան անաչառ և օբյեկտիվ դիրքորոշում ունի տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: