Ո՞ր դեպքերում զինվորական համազգեստ կրելու համար պատասխանատվության չեն ենթարկվի քաղաքացիները

Զինվորական համազգեստի բոլոր ատրիբուտները կկարգավորվեն օրենսդրության շրջանակում։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում հայտարարել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք կպատժվեն զինվորական համազգեստ կրող հովիվները։ Չէ՞ որ հովիվները, խորհրդարանականի խոսքով, հաճախ զինվորական համազգեստ են կրում։ Փոխնախարարը պատասխանել է, որ նման բոլոր հարցերը կլուծվեն օրենքի շրջանակում։ 

 

«Մենք հստակ կսահմանենք, թե ինչ է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համազգեստը»,- հավաստիացրել է Արման Սարգսյանը։

 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պատասխանատվության կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք կկրեն ԶՈւ-ի զինվորական համազգեստի բոլոր չափորոշիչներին համապատասխան զինվորական համազգեստ։ Իսկ այն անձինք, որոնք նախընտրում են կրել կամուֆլյաժ, որը նախատեսված է որսորդության կամ ձկնորսության համար, կարող են ոչ մի բանի համար չանհանգստանալ։

 

«Սահմանափակումները վերաբերելու են միայն զինվորական համազգեստի այն տարատեսակին, որն այսօրվա դրությամբ կա եւ ակտիվորեն օգտագործվում է Զինված ուժերում»,- ընդգծել է փոխնախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ