Կրակոցների ձայներ լսվու՞մ են Գորիսում. Առուշանյանը պատասխանում է

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

 

Թեմայի շուրջ Auroranews-ը ահազանգ էր ստացել, որ կրակոցների ձայներ են լսվում Գորիս և Սիսիան քաղաքներում: Auroranews-ը կապ հաստատեց  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Գորիսի կենտրոնում է և որևէ կրրակոց չի լսում և չի էլ լսել։  

 

«Ես ձեզ հստակ պատասխանում եմ`  կրակոցի ձայն չկա, որ կրակոցի ձայն եղած լիներ, ես էլ սահմանում կրակելիս կլինեի»,- նշեց նա։ 

 

Այն հարցին, երբ ադրբեջանական ուժերը առաջխաղացում ունեին, այդ ժամանակ եղե՞լ են կրակոցներ և արդյոք խուճա՞պ կա բնակիչների շրջանում, քաղաքապետը պատասխանեց.

 

«Տեսնես կգա՞ այն օրը, որ այդ բառը ձեր լեքսիկոնից հանեք, որ ժողովրդի բերանից էլ դուրս գա այդ բառը: Եթե մեկը գա քո տան մեջ, դու քո տանը խուճապի մեջ ես լինելու, թե՞ փորձելու ես քո թշնամու կոկորդը կտրել: Թող մեզնից խուճապի ենթարկվեն»- նշեց Առուշանյանը: 

 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը։

Քաղաքականություն

Պատահարներ