Պատահական չէ Ֆրանսիայի անարդար և բացասական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ. Ալիև

Քիչ առաջ հայտնեցինք, որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Բերձորի (Լաչինի) շրջանում։ Նա հենց այդ ներկայացուցչի հետ հանդիպմանն էլ նշել է, թե Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի «անարդար» և բացասական վերաբերմունքը պատահական չէ:

 

«Հատկապես պետք է նշեմ, որ բանակցությունների տարիների ընթացքում միջնորդները միշտ ինչ-որ հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի տարածաշրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին, թեև նրանք չէին պատրաստվում հեռանալ այլ շրջաններից ևս»,- նշել է նա։ 

 

Խոսելով միջազգային միջնորդների մասին՝ Ալիևը կրկին հերքել է ԵԱՀԿ Մինսկի նախկին խմբի գոյությունը և մի շարք դժգոհություններ հնչեցրել։

 

 «Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս, փաստացի փորձում էին ամրապնդել այդ օկուպացիան։ Այժմ ամեն ինչ պարզ է դարձել. Ֆրանսիայի անարդար և բացասական վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ պատահական չէ, պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, այլ կերպ ասած՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք, պատերազմի ավարտից անցած երկուսուկես տարվա ընթացքում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, ինչ կեղտոտ գործողություններ են կատարվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Այսինքն՝ այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման գործունեության արդյունք են, եւ այստեղ առաջատար դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այնքան։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել», - ասել է Ալիևը։ 

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող ակտիվիստներն ապօրինաբար շրջափակել են Լաչինի միջանցքը։ Միջազգային բազմաթիվ գործիչների, երկրների և տարբեր կառույցների դատապարտող կոչերն անտեսելուց զատ, Բաքուն շարունակում է հումանիտար աղետի ենթարկել Արցախի 120․000 բնակիչներին։


 

Քաղաքականություն