Վարժական հավաքի մասնակցի աշխատավարձը կպահպանվի. ո՞վ է վճարելու
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց:
Նախագիծը նպատակ ունի հստակեցնել վարժական հավաքների կանչված ու աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։
«Գործող կարգավորումների համաձայն՝ և պետական, և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, ով մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը ու պաշտոնը»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այս պահին եղած կարգավորումներով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնկան դրույքաչափը, հիմա նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի ու որպես զինծառայողի հաշվարկած դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
«Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ ու վերջինս ներգրավվում է վարժական հավաքների ու դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը՝ առնվազն 120 հազար դրամը վճարել»,- մանրամասնեց նախարարը։
Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագիծը շատ անհրաժեշտ է։
«Պետությունն, իհարկե, ունի սահմանված չափով վճարումներ վարժական հավաքների մասնակիցների համար, բայց դրանք երբեմն ավելի պակաս են, քան այն աշխատավարձը, որ մարդիկ ստանում են։ Հիմա, օգտվելով այն առիթից, որ երեք ամիսը դարձրել ենք մեկ ամիս, սահմանում ենք, որ գործատուն այն պարագայում, երբ վարժական հավաքի մասնակցին վճարվող վճարն ավելի քիչ է, քան նրա աշխատավարձը, տարբերությունը պետք է վճարի»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե վարժական հավաքների պլանն իրագործելիս որոշակի տոկոսից ավելի նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրեն հավաքի, որ անհամաչափ ծանրաբեռնվածություն չառաջանա հիմնարկների վրա։
«Շատ ուրախ եմ, որ անում ենք այս կարգավորումն ու հույս ունեմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները հնարավորին արագ կընդունեն այս կարգավորումը, ՀՀ նախագահն էլ կստորագրի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։