Վաշինգտոնում ՌԴ դեսպանը կանչվել է ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտ է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովին՝ կապված Սև ծովի վրա կործանված ամերիկյան Reaper MQ-9 անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։
«Կանչել ենք Ռուսաստանի դեսպանին։ Կարծում եմ, որ այս բարձր մակարդակի հանդիպումը կկայանա այսօր կեսօրին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ինչպես նշել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը, դեսպանին կհայտնեն «կտրուկ դժգոհություն ոչ պրոֆեսիոնալ ուղկեցման պատճառով»։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ Սեւ ծովի երկնքում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան արտադրության MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի հետ։ Ենթադրվում է, որ ռուսական երկու Սու-27 կործանիչներ, իբր, որսացել են անօդաչու թռչող սարք, ընդ որում, բախումից առաջ ինքնաթիռի անձնակազմը «վառելելիք է բաց թողել MQ-9-ի ուղղությամբ, կտրել ԱԹՍ-ի ճանապարհը անխոհեմ, էկոլոգիապես ոչ անվնաս և ոչ պրոֆեսիոնալ կերպով»:
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից ռեժիմի խախտման մասին՝ Ղրիմի մոտ օդային տարածքն օգտագործելու համար։ Միաժամանակ ռուսական կործանիչները զենք չեն կիրառել անօդաչու թռչող սարքի դեմ և չեն առնչվել դրա հետ, ընդգծել են գերատեսչությունում։