ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք խոսելու ենք բոլորի հետ, որովհետև դա բխում է մեր շահերից». Արշակյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

 Վերջին օրերին ականատեսը եղանք պատմության ամենաահավոր իրողություններից մեկին՝ մեծամասշտաբ երկրաշարժի Թուրքիայի և Սիրայի տարածքում: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և հավելեց, որ մեր հասարակության շրջանում մեծ քննարկումներ եղան, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը պե՞տք էր, որ հումանիտար առաքելություն ուղարկեր մասնավորապես Թուրքիա, և արդյոք պե՞տք էր այս դիրքից հանդես գալ:

 

«Եվ, իհարկե, այս դժբախտ իրողությունը ևս մեկ անգամ օգտագործվեց հակամարտության մեջ գտնվող այս կամ այն ժողովրդի, թշնամական արարք կատարող կամ չկատարող մարդկանց, մարդկանց խմբերի, պետությունների նկատմամբ ատելություն սերմանելու գործողություններում: Նոր հող ստեղծեց, և մեր որոշ գործընկերներ սկսեցին այդ հողն օգտագործել»,- նկատեց Արշակյանը:

 

Վերջինս մատնանշեց, որ քաջ ծանոթ են պատմական իրողություններին և հանցանքներին, և գործող իշխանությունների օրոք էր, որ ԱՄՆ-ն Ցեղասպանության փաստը ճանաչեց: Եվ այդ փաստի ճանաչման համար իրենց կատարած գործողությունները որևէ մեկը չի կարող հարցականի տակ դնել:

«Եթե պատերազմի մեջ ենք մտնում, պիտի մտնենք կռվելով, բայց ոչ երբեք ատելով: Եթե հակամարտության մեջ ենք մտնում, պետք է մտնենք հակամարտության մեջ իր գործիքակազմով, եթե մտնում ենք բանակցությունների մեջ, պիտի մտնենք իր գործիքակազմով: Աշխարհում պատերազմներ են եղել, երկրներն իրար վրա քիմիական զենքեր են կիրառել, քաղաքներ են ոչնչացվել: Դեպքեր են եղել, որ մի քիմիական զենքի կիրառումից 15 հազարանոց քաղաք է ոչնչացվել՝ ամբողջ բնակչությամբ, բայց այդ երկրները նստում են բանակցությունների շուրջ ու խոսում, որովհետև ունեն պետական շահեր, սահմաններ: Այսօր աշխարհում հակամարտության մեջ գտնվող, ընդհուպ ուղիղ պատերազմների մեջ գտնվող երկրներն իրար հետ համագործակցում են որոշ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրենց պետական շահերին»,- ասաց պատգամավորը:

 

Նրա կարծիքով՝ ունենալ ատելություն որևէ մեկի, որևէ պետության, ազգի, հարևանի, բարեկամի կամ մյուսի նկատմամբ, դա ախտ է. «Եվ ինչո՞ւ են ձեզ որոշ քաղաքական ուժեր և գործիչներ մղում ատելության, որովհետև ատելությունը կառավարման և ստրկացման լավագույն միջոցն է: Եթե դուք ատում եք որևէ մի բան, որևէ մեկին, ապա դուք կառավարելի եք: Նրանք, ովքեր ձեզ մղում են ատելության, ցանկանում են ստրկացնել»:

 

Ըստ նրա՝ եթե մենք մեր հարևանների հետ չենք մտնում խոսակցության մեջ, ապա ուրիշներն են օգտագործելու այդ հարաբերությունների բարդ կողմերը և մտնելու խոսակցությունների մեջ արդեն իրենց պետական շահերի շրջանակներում. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք խոսելու ենք բոլորի հետ՝ անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք այդ պետությունների նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ է եղել պատմական տարբեր դարաշրջաններում: Մենք պիտի մտնենք խոսակցության մեջ, որովհետև դա բխում է մեր շահրից»:

 

Արշակյանի խոսքով՝ մենք 3 միլիոն բնակչություն ունենք, և եթե ցանկանում ենք մտնել տնտեսական մրցակցության մեջ մեզանից ավելի մեծ պետությունների հետ, պետք է լինենք առնվազն բազմապատիկ ավելի արդյունավետ մեր ամենօրյա աշխատանքում:

 

«Եթե ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, լինի զինվոր, բժիշկ, արդյունաբերող, արտադրող անձնապես, ամեն օրն ավելի արդյունավետ չի դարձնում, չի սովորում, չի դառնում երկու անգամ ավելի լավը, քան հարևան երկրի նույն աշխատողը, չի աշխատում իր վրա, իր անձնական և պրոֆեսիոնալ որակների վրա, մենք չենք կարող մրցել, էլ չեմ ասում՝ հակամարտել, պատերազմել և հաղթել այդ պատերազմում: Ես ուզում եմ, որ թոթափենք ատելության, նախանձի և էմոցիոնալ այդ մոտեցումներն ու աշխատենք ինքներս մեզ վրա»,- ասաց նա:

 

Վերջինս կարևորեց, որ կռվի դաշտում լինենք կռվող զինվոր, բանակցությունների մեջ՝ լավ դիվանագետ, բայց երբեք չատենք ո՛չ թշնամուն մարտի դաշտում, ո՛չ էլ բանակցությունների սեղանի շուրջ մեր հակառակորդներին: