Սերժ Սարգսյանի գործով կարևորագուն վկաներից մեկը դատարանում մանրամասներ է հայտնել

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

 

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

 

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։ Սարգսյանը նույնպես մասնակցում է նիստին։ Սարգսյանին իր աջակիցները դահլիճում ծափերով դիմավորեցին։

 

«Սևան Քոչարյանին շուտվանից եմ ճանաչել, կոնկրետ չեմ հիշում՝ երբվանից։ Դե ընկերական շրջապատի միջոցով եմ ճանաչել։ Տենց 2000-ականների սկզբից եմ նրան ճանաչել, մեր ընկերների միջոցով։ Իմացել եմ, որ ինքը դիզվառելիք ներկրող է, իր գործերը շատ լավ էր, իրեն շատ լավ էր զգում։ Լավ տներ ուներ, ամեն ինչ ուներ, իր համար ապրում էր։ Հետո խնդիրներ առաջացավ իր մոտ, ասում էր՝ վատանում է գործերս, լավ չի, լավ չի։ 2011 թվականին արդեն ես էլ զգացի, որ գործերը նրա մոտ լավ չեն։ Ու այդ ժամանակ առաջարկել եմ, որ միասին աշխատենք»,- այս մասին քիչ առաջ իր ցուցմունքում ասաց «Սովրանիե» ընկերության սեփականատեր Եղիշե Վարդանյանը, որը գործով կարևորագուն վկաներից է։

 

«Հետո տեսա, որ նա արդեն տուն է վաճառում, ավտո է վաճառում։ Օրբելիի վրա սեփական տուն ուներ, վաճառեց, հասկացա, որ իրոք վիճակը վատ է»,- հավելեց նա։

 

Նշենք, որ նախորդ նիստին Վարդանյանը տեղեկացրել էր նաև, որ իրենք հանդիպել են նախարար Սերգո Կարապետյանի հետ, ինչից հետո փաստաթղթեր են լրացրել ու փոխանցել նախարարություն։ «Ու դրանից հետո, արդեն սկսել էին բաժանել, մենք իմացել ենք, որ մեզ չեն տալիս, «Ֆլեշ» կազմակերպությունն է տալիս»,- ասել էր Եղիշե Վարդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ