ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 50 օրվա բաժանումից հետո թոռնիկը չէր ճանաչել տատիկին. Հայաստանից արցախցիներ են վերադարձել Ստեփանակերտ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ աջակցությամբ արցախցիների հերթական խումբն է Հայաստանից վերադարձել Արցախ, այս անգամ 17 հոգի: Շուրջ 50 օրվա բաժանումից հետո միացել են իրենց ընտանիքներին:

 

Արցախցի Զինա Սարգսյանը պատմում է. «Առողջական խնդիրներ ունեմ, գնացել եմ հերթական ստուգումների եւ ճանապարհը հաջորդ օրը փակվել է: 50 օր Երեւանում ենք մնացել, հետո 4 օր Գորիսում ենք մնացել, հետո զանգել ենք եւ գրանցվել Կարմիր խաչի կոմիտեում: Երկու օր առաջ զանգել են ու տեղեկացրել, որ պետք է գնաք Գորիս ու Կարմիր խաչի միջոցով գաք Արցախ»: 50 օրվա բաժանումից հետո նրա մանկահասակ թոռը դժվարությամբ է ճանաչել տատիկին, բայց ճանաչելուց հետո գրկից չէր իջնում:

Արցախցի Արմինե Հովսեփյանը եւս Արցախ վերադարձած խմբում է եղել: Շրջափակումից առաջ ամուսնու հետ Երեւան էր մեկնել, դստերը այսքան օր խնամել է տատիկը: Ամուսինը դեռ Երեւանում է, Արմինեն հույս ունի, որ նա եւս շուտ կվերադառնա Արցախ. «Շատ նորմալ հասանք, Գորիսից երեւի 2 ժամ տեւեց ճանապարհը: Անցակետերում կանգնեցինք: Շնորհակալ ենք Կարմիր խաչի կոմիտեին, որ հասանք մեր ընտանիքներին»,-ասաց նա:

 

Նշենք, որ հունվարի 20-ից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրենց ընտանիքներին են միավորվել 59 արցախցի:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ