ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հորդառատ անձրևներ և սելավներ Թուրքիայում. ինչ իրավիճակ է երկրի փողոցներում
Թուրքիայի Մարմարիս և Իզմիր քաղաքներում հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով ճանապարհները հեղեղվել են, ծառերն արմատներով պոկվել են, վնասվել են մեքենաներ և տներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդերևութաբանների տվյալներով` մեկ գիշերում Իզմիրում 53 մմ անձրև է տեղացել, այն դեպքում, երբ հունվարյան նորման 137 մմ է։ Նահանգի մի շարք շրջաններում միանգամից 97 մմ տեղումներ են եղել։
Մարմարիս և Իզմիր քաղաքում ծովի ջրի գույնը շագանակագույն է դարձել այն բանից հետո, երբ մի շարք հատվածներում հողի փլուզում է տեղի ունեցել։
Մարմարիսում փոթորիկի հետևանքով ծովի ալիքների բարձրությունը հասնում է մի քանի մետրի, ծառերն արմատներով պոկվել են, մեքենաներ ու տներ են վնասվել։
Իզմիրում հորդառատ անձրևների հետևանքով տների առաջին հարկերն են հեղեղվել։ Ամբողջ քաղաքում խցանումներ են, իսկ փողոցներից մեկում հողաշերտի փլուզման հետևանքով երկու մեքենա ընկել է փոսը։ Դրանցից մեկը ոստիկանությանն էր պատկանում։ Քաղաքում հեղեղվել է պատմական Փակ շուկան։
Այդ ընթացքում Ստամբուլում շարունակվում է երաշտը, տեղումներն այնտեղ սահմանափակվում են հազվադեպ անձրևներով։ Ստամբուլի ջրամբարներում ջրի մակարդակն աղետալի է։
Վերջին 52 տարվա ընթացքում 2022 թվականի դեկտեմբերը Թուրքիայում ամենաշոգն է եղել։ Հունվար ամիսը նույնպես կարող է վերջին 52 տարվա ամենաշոգ ամիսը դառնալ։ Այդպես են կարծում տեղի օդերևութաբանները։