Դեղերի ճգնաժամի հովանավոր՝ Առողջապահության նախարարություն
Տարեվերջին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ազդարարեց դեղերի համաշխարհային դեֆիցիտի մասին: Պատճառաբանեց, որ Հայաստանում մի շարք դեղերի անհետացումը դրա հետևանքն է: Իրականում բազմաթիվ կենսական դեղերի դեֆիցիտը ու մի շարք դեղերի բարձր գները հետևանք են նախարարի վարած քաղաքականության: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Նախորդ տարեսկզբից արգելվեց բնակչության համար շատ պահանջված դեղերի ներմուծումը Ռուսաստանից և Եվրամիությունից: Միակ բացատրությունը (բացի ոչ ադեկվատությունից)՝ նախարարության պատասխանատուների կողմից մի քանի դեղարտադրող արտասահմանյան իրավատերերի և ներմուծողների շահերի նպատակաուղղված սպասարկումն է ու նրանց ցանկացած պարագայում հովանավորելը: Նախարարը շարունակում է ոլորտը կաթվածահար պահել. ստեղծել է այս ճգնաժամը, հիմա էլ գուժում է, թե ողջ աշխարհու՛մ է դեղերի դեֆիցիտ: Իրականում, դեղերի համաշխարհային դեֆիցիտ չկա, կա տեղային հովանավորչություն ու բնակչության աննախադեպ մանիպուլյացիա:
Նույն հարցազրույցում նախարարն արձանագրում է, թե «Ուկրաինայում պատերազմը ևս մի հանգամանք դարձավ, որ Հայաստան ներկրվող դեղորայքային գործընկերության որոշակի պայմանագրեր խաթարվեն, փոփոխվեն դրանց ներկրման ճանապարհները և այլն»: Թե ի՞նչ է նշանակում Հայաստան ներկրվող գործընկերություն, Հայաստան ներկրվող դեղորայքային գործընկերության որոշակի ի՞նչ պայմանագրերի մասին է, այդ պայմանագրերի ներկրման ի՞նչ ճանապարհների փոփոխության մասին և ի՞նչ «և այլնի» մասին է խոսքը՝ դրանց վրա չի կենտրոնանում: Ապա տեղեկացնում է դեղերի դեֆիցիտին հակահարված տալու՝ նախարարության որոշման մասին.
«Այս հարցերը լուծելու համար ՀՀ դեղերի մասին օրենքը որոշակի ճկունություն ունի։ Մինչև 2023 թ.-ի փետրվար ամիսը դեղ ներկրողները հնարավորություն ունեն դիֆիցիտ կազմող դեղերը, որոնք հաստատվել են ԱՆ-ի կողմից և Հայաստանում գրանցված չեն, ներկրել եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրողներից։
Սա ժամանակավոր գործիք է, որը երբեմն կիրառում ենք իրավիճակը մեղմելու համար, բայց հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ դեղորայքային միջազգային շուկայում դեֆիցիտ առկա է»:
Ներկայացնեմ՝ խոսքն ինչի մասին է:
Նախարարի հետ դեռ հոկտեմբերի սկզբին հանդիպել էինք՝ հերթական անգամ բացատրելու իրավիճակը:
Մեկ ամսից ավել մտմտալուց հետո թույլատրեցին ընդամենը մի քանի խումբ դեղ ներկրել՝ հակաուռուցքային և հոգեմետ խմբերի դեղեր։ Միայն թե դրանք շուկայական սեկտորում շատ քիչ են վաճառվում, պետությունն է գնում տենդերներ հայտարարելուց հետո։ Այստեղ էլ, պարզվում է, Կառավարության գնումների մասին որոշումն արգելում է, որ պետական հիմնարկները չգրանցած դեղեր գնեն։ Այսինքն` մի կողմից մեզ թույլ են տվել ներկրել, մյուս կողմից էլ պարզ չէ, թե ում համար. չէ՞ որ այդ դեղերի 95 %-ը գնում է հենց պետական բժշկական կենտրոններ:
Կոսմետիկ այդ փոփոխությունն էլ հաջողվեց ոչ թե նախարարության նախաձեռնությամբ կամ մտահոգ քաղաքականության, այլ մեր ճնշումների և պացիենտների անելանելի վիճակի ու դժգոհության արդյունքում:
Դիմում ենք Առողջապահության նախարարություն, որ թույլատրեն ներկրել շատ պահանջված այլ կենսական խմբերի դեղեր (այդ խմբերի դեղերի շրջանառությունը կազմում է ոլորտի շրջանառության 98 %-ը), մեզ մերժում են, թե չգրանցված դեղեր ներմուծելիս անհրաժեշտ է առաջնորդվել հակաուռուցքային և հոգեմետ դեղերի` նախարարության հաստատած ցանկով: Այսինքն` մենք դիմում ենք հակավարակային խմբի մի շարք հակաբիոտիկների կամ շտապօգնության հակաշոկային դեղերի ներմուծման թույլտվության համար, նրանք մեզ գրում են, որ դրանց փոխարեն, օրինակ, հակաէպիլեպսային կամ հակապարկինսոնային խմբի դեղ բերենք:
Ավելի ուղիղ է Բժշկական բարձր տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը: Նա իր մղումներում տեղ չի տալիս համաշխարհային ճգնաժամերին կամ «ներկրվող գործընկերության խաթարումներին»:
«Գրեթե 2 տարի մենք շուկայում դեղերի հասանելիության հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Բայց դա մեծ բեռ է մեր փորձագիտական կենտրոնի համար, քանի որ չգրանցված դեղերը մեզ մոտ չունեն որոշակի նմուշներ և դեղի համեմատություն, նույնականացում անելու համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ծախսվում է ահռելի մարդկային ռեսուրս, չկան փաստաթղթեր։ Դա մեծ աշխատանք է, որը մենք 1.5 տարի կատարել ենք, բայց այդպես շարունակել հնարավոր չէ»,- վերջակետ է դնում Հարությունյանը:
Նա չի ուզում կատարել իր պարտականությունները. հոգնել է: Հարությունյանը ինքն էլ արձանագրում է, որ չգրանցված դեղերի ներմուծման շնորհիվ հանրապետությունում դեղերի հասանելիության հետ կապված երկու տարի խնդիր չի եղել, սակայն նրա աչքում դա չի երևում: Նրա կարծիքով՝ դեղ ներկրողների հիմնական նպատակը ոչ թե ավելացված արժեք ստեղծելն է և ոլորտի պահանջարկը ապահովելը, այլ դիտավորյալ այնքան դեղ ներկրելը, որ Դեղգործակալության և նախարարության աշխատողները շահագործվեն: Դեղգործակալությունը շահույթ հետապնդող հիմնարկ է՝ ներմուծման փորձաքննությունների չափերը այնպես է սահմանել, որ իր շահույթը ստանա և ստանում է՝ ամեն մի ներմուծման ժամանակ ներմուծողը վճարում է այդ հիմնարկին կատարված փորձաքննությունների դիմաց շոշափելի գումարներ (միայն 2022 թ.-ին, անգամ ներմուծումների էական սահմանափակումների դեպքում, ներմուծումների փորձաքննությունների համար միայն մեր կազմակերպությունը Դեղգործակալությանը վճարել է 19 250 000 դրամ): Դեղգործակալության փորձագետները հենց կոչված են այդ փորձաքննությունները կատարելու համար, և դրա համար ենք վճարում այդ կոմերցիոն կառույցին, և քանի որ աշխատակիցների պակաս ունեն, պետք է ընդամենը համալրեն նոր աշխատակիցներով: Նախարարությունն էլ, լինելով այդ հիմնարկի 100 %-անոց հիմնադիրը, ցանկության դեպքում շատ հեշտ կարող էր այն նախաձեռնել:
Ընդ որում՝ գործող օրենքը ժամանակին հենց Դեղգործակալությունում են գրել, և գրել են իրենց «չափսով», որ ներմուծման կարգը լինի հենց այսպիսին՝ դեղերի ամբողջ ներմուծումը լինի նրանց ձեռքի տակ: Ըստ օրենքի՝ ներմուծման հավաստագիր տրամադրելու համար Առողջապահության նախարարությունն ունի աշխատանքային 7 օր, որից 5 օրը հատկացվում է Դեղգործակալության եզրակացությանը: Մեր գործերը շատ դեպքերում ձգձգում էին մինչև երկու ամիս. այդ հիմնարկում ոչ ոք աշխատանքային պարտականություններն օրենքով սահմանված ժամկետում կատարելու համար իրեն պատերով չէր տալիս: Ինչ վերաբերում է պետական ծառայող Մ. Հարությունյանին, ապա նա էլ վարձատրվում է պետական բյուջեից: Այդ վարձատրությունը պատվիրակում ենք հարկ վճարողներս: Դեղերի պահանջարկը շուկայում ստեղծում են դեղեր նշանակողները, այսինքն՝ բժիշկները: Ներմուծման ծավալներն էլ հետևանքն են այդ պահանջարկի և, եթե դեղերի հասանելիության հետ կապված խնդիրներ 2 տարի չեն եղել, դա էլ հետևանք է ներմուծման մանրակրկիտ գործընթացը ճիշտ կազմակերպելու: Նաև այդ աչք ծակող ներմուծումների հետևանք են Դեղգործակալության փորձագետների և պետական պաշտոնյաների առկա հաստիքները և դրանց վարձաչափերը: Այդ պատճառահետևանքային կապերը Հարությունյանին անհասանելի են, այդպես Ավստրալիայի աբորիգեն ազնիվ ցեղերին հասանելի չէր սեռական ակտի և երեխայի ծնունդի պատճառահետևանքային կապը:
«Դեղորայքի մատակարարներն ուզում են բոլոր երկրներից չգրանցված դեղերը բերել, ինչն անհնար է։ Այժմ, երբ չգրանցված դեղերի մուտքը երկիր արգելվում է, բացառությամբ մի քանի խումբ դեղերի, դեղագործական կազմակերպություններից շատերը կարող են դժգոհել, քանի որ իրենց համար շատ հեշտ և շահավետ է չգրանցված դեղ ներմուծելը, բայց դա պետության համար անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում»:
Սա Հարությունյանին հունից հանում է. բացի այն, որ ներկրողները՝ Դեղգործակալության և նախարարության ծառայողներին շահագործում են, նրա աչքին նաև թվում է, որ չգրանցված դեղ բերելով՝ ներմուծողները շատ հեշտ փող են աշխատում:
Բազմաթիվ տեղեկանքներ ենք նախարարություն ներկայացրել՝ ցույց տալու, թե հարյուրավոր ինչքան պահանջված դեղեր քանի անգամ են շուկայում էժանացել: Նախարարությունում իրենց ձեռքի տակով են անցնում ներմուծման բոլոր հաշիվ-ապրանքագրերը: Բացի նրանից, որ տեսնում են բոլոր ներմուծման գները, տեսնում են նաև, թե քանի ներմուծող են ավելացել շուկայում, մրցակցությունն էլ՝ ուժեղացել: Միևնույն է, նրա աչքում ներմուծման պրոցեսը օդից փող բռնել է, որը պետության համար անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում: Մեր բոլոր ներմուծումներն անցնում են պետական մանրակրկիտ փորձաքննություն, և դեղերին ուղեկցող փաստաթղթերով արտացոլվում է ամբողջ ներմուծման շղթան՝ արտադրողից մինչև վերջին մատակարար: Գեթ մեկ դեպք չի հանդիպել՝ անվտանգության հետ կապված: Երբ արգելվեց Եվրամիությունում և Ռուսաստանում գրանցված կենսական դեղերի օրինական ներմուծումը, բազմաթիվ հրատապ դեղերի ներմուծումը դրվեց մաքսանենգ կայուն կոնվեյերի վրա: Դեղերը բերվում են գողտուկ, մաքսանենգ ճանապարհով՝ շրջանցելով Դեղերի փորձագիտական կենտրոնի վերահսկողությունը: Սա էլ՝ Առողջապահության նախարարության քաղաքականությունը՝ ապահովելու շրջանառության մեջ գտնվող դեղերի «անվտանգությունը»:
Հարությունյանը նշում է, որ անգամ ֆիզիկական անձանց թույլատրվում է չգրանցված դեղեր ներմուծել՝ 3 տուփ կամ այնքան, որքան դեղատոմսով գրված է, որ շաբաթական մի ամբողջ 6-7 դիմում են ստանում քաղաքացիներից, երբ ինքն էլ նկարագրում է, որ քաղաքացիները այդ մի քանի տուփ դեղի համար պետք է անցնեն բյուրոկրատական այն նույն քաշքշուկի միջով, ինչ ներմուծողները, երբ, օրինակ, 1 բեռնատար դեղ են ներկրում։
Ստացվում է` մեզ թույլ չեն տալիս ներկրել այն դեպքում, երբ մասնագիտացված ենք, ավելի մատչելի ենք գնում, ավելի անվտանգ` պահպանելով դեղի տեղափոխման ճանապարհին պահպանման հատուկ պայմանները: Իսկ ֆիզիկական անձանց ներմուծման պոպուլիստական և անկիրառելի որոշման դեպքում անվտանգության ռիսկեր չեն առաջանում:
«Երբ չգրանցված դեղերը հեշտությամբ մուտք են գործում երկիր, գրանցման իմաստն արժեզրկվում է, իրավատերերն այլևս չեն ցանկանում Հայաստանում դեղ գրանցել»,- շանտաժի է անցնում Հարությունյանը: Նա չի նշում, որ Հայաստանի ներկրողները զուգահեռ ներկրման դեպքում նույն դեղերը ձեռք են բերում այն շուկաներից, որտեղ այդ նույն դեղերը գրանցել են նույն իրավատերերը, և ստացվում է, որ շատ դեպքերում նույն դեղը այդ շուկայի ներմուծողների կողմից վերավաճառվում է շատ ավելի մատչելի, քան Հայաստանի դեպքում անմիջապես վաճառվում է իրավատիրոջ կողմից: Այլ շուկաներում էլ են այդ իրավատերերը դեղ գրանցում և պատկառելի եկամուտներ ստանում, հակառակ դեպքում այնտեղ չէին գործի: Պարզապես այնտեղի պետական մարմիններն այդ կարգի չեն ստորադասում իրենց քաղաքացիների շահերը. Հայաստանի պարագայում՝ ոլորտի պատասխանատուների համար առաջնայինը գրանցման իրավատերերի շահերը սպասարկելն է, ամեն կերպ ներմուծման մրցակցությունը սահմանափակելը, որ դեղերը ներկրվեն բացառապես նրանցից:
Այս մանրամասնությամբ թե՛ նախարարի, թե՛ նրա ենթակայի հայտարարություններին անդրադառնալու իմաստն այն է, որ պարզ դառնա՝ ինչպես կարելի է հարթ տեղում պարալիզացնել կենսական մի ոլորտ: Նույն կերպ պարալիզացված են նաև մյուս ոլորտները:
Գործող նախարարին հեռացնելը լուծում չէ: Նրան հեռացնելու դեպքում Փաշինյանը նշանակելու է ավելի ոչ կոմպետենտ մեկին:
Հայաստանին առաջին դեմքի փոփոխությունից բխող արմատական լուծումներ են պետք: Քանի դեռ այդ տարբերակն այս պահին չի երևում, լուծումները պետք է պարտադրվեն քաղաքացիների համառ ճնշմամբ: Բժշկի նշանակած դեղերը դեղատներում չգտնելու դեպքում պետք է ուղիղ գնալ Առողջապահության նախարարություն՝ անձամբ նախարարից պահանջելու հայթայթել ցուցված դեղը: