Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը` տանեցիների հետ վերջին զրույցի մասին

 Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունից տուժող կողմը առայժմ դժգոհություններ չունի։ Այս մասին Nеws.am-ի հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։ 

Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ վարույթով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի եւ Արկադի Բարսեղյանի հետ շփում ունեցել է՝ որպես համագյուղացի։ 

«Հոգեկան խնդիրներ ունի՞ Վրույրը, թե՞ ոչ, դեռ պետք է փորձաքննությունն ապացուցի։ Մեր երկրում շատերն են այդ հիմնավորմամբ ազատվում բանակից, բայց հոգեկան խնդիրներ չեն ունենում։ Եթե ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է ամուսնացել, երեք երեխա ունեցե՞լ։ Ես չեմ հավատում, որ հոգեկան հիվանդ մարդը կարող է նման հանցագործություն անել, երեխաների սպանել»,- նշեց նա։ 

Սեւակ Մելիքսեթյանը պատմեց, որ մեղադրյալներից ոչ մեկի ընտանիքից իր հետ կապ չեն հաստատել. «Իրենք գյուղում չեն. մնան գյուղում ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, պետք է հասկանան, որ չեն կարող։ Իրենք չպետք է պատկերացնեն իրենց վերադարձը գյուղ։ Ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել, եթե գիտեմ, որ մի քանի տուն այն կողմ մարդասպանի ընտանիքն է»,- ասաց Մելիքսեթյանը։ 

Սեւակ Մելիքսեթյանը հիշում է՝ ընտանիքի հետ վերջին անգամ կապվել էր ողբերգական սպանության օրը՝ երեկոյան․ «Սովորական տրամադրություն ունեին, ի՞նչ իմանայինք՝ ինչ է մեզ սպասվում»։ 

Նշենք, որ ողբերգությունից մեկուկես ամիս անց էլ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել թե տուժողի, թե կասկածյալների տների մոտ։

Քաղաքականություն