
Արտաշիրիմո՞ւմ է եղել, Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա՞. ընտանիքի հայրը մանրամասնում է

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Այս մասին հաղորդում է MediaHub.am-ը` հղում անելով իր ունեցած տեղեկություններին: Լրատվականը գրում է, որ համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։
Լրատվամիջոցը տեղեկությունը ճշտել է ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքել է այդ տեղեկությունը:
« - Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։
-Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։
-Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։
-Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։
-Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։
-Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում։ Վրույրն էլ սկզբում ասում էր, որ մեղավոր չէ, բայց հետո մեղքն ընդունեց։
-Ձեզ հետ առերեսում եղե՞լ է, հանդիպե՞լ եք Արկադիին կամ Վրույրին։
-Չէ, չի եղել, բայց կուզեի, գուցե հետագայում լինի. հիմա ոչինչ ասել չեմ կարող»։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը ասել է, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։