«Ադրբեջանը միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ «բողոքում փաստեր են ներկայացված այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում, Աղավնո (Զաբուխում) և Սուս (Սուսայում) ադրբեջանցիների հարյուրավոր օբյեկտների ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին»:

 

Թեմայի վերաբերյալ թելեգրամյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը. «Այս հայցը ինձ հիշեցրեց այս տարվա օգոստոսի Ալիևի մի ելույթ, որտեղ նա խոսելով Սուսում, Աղավնոյում ապրող հայերի մասին ասել էր. 

«...Նրանք պատերազմական հանցագործներ են, թող չփորձեն մեր համբերությունը: Ավելի լավ է իրենց կամքով հեռանան: Մեզ միևնույն է, թե ուր կգնան»: 

 

Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ ելույթներից, որոնք գալիս են փաստելու՝ ադրբեջանական կողմի խոստումները և հավաստիացումները միջազգայիններին, թե իբրև հայ բնակչությունը կարող է հանգիստ ապրել Արցախում, կատարյալ սուտ է: Հակառակը, եթե Արցախի նկատմամբ հանկարծ հաստատվի ադրբեջանական վերահսկողությունը, ապա կարճ ժամանակ անց մարդիկ կարժանանան Հադրութի, Շուշիի, Սուսի, Աղավնոյի հայերի ճակատագրին: Ալիևի համար հայերին «ռազմական հանցագործ» պիտակավորելը սովորական երևույթ է: Սա կարևոր է, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ նաև շեշտենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի: Ադրբեջանը որևէ կերպ չի կարող ապահովել հայերի անվտանգությունը, քանի որ ինքն է թիվ մեկ վտանգն Արցախի հայերի ֆիզիկական գոյության համար: Մենք դա ապացուցելու փաստերի պակաս չունենք: Արդեն ինը օր է, ինչ շարունակվում է Արցախի բլոկադան ու դեռևս լուծումներ չեն երևում...»:

Քաղաքականություն

Պատահարներ