
Հուսով եմ լրամշակումից հետո ՀՀ–ի համար նախատեսված օգնության փաթեթը կընդունվի. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուսով է, որ լրամշակումից հետո ՀՀ–ի համար նախատեսված օգնության փաթեթը կընդունվի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ։
«Հույս ունեմ, որ լրամշակումից հետո 2 կարևոր փաստաթղթերի փաթեթային լուծմանը կհասնենք։ Խոսքը Հավաքական անվտանգության խորհրդի` ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումն է և ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունը` ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերի»,–ասաց նա։
Զասը խոսեց նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ–ի օպերատիվության մասին։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ին թեժ մարտեր են եղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Նույն օրը պետությունների ղեկավարները առցանց ձևաչափով հավաքվել են Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջան անցկացնելու համար, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Զասը հիշեցրեց, որ անմիջապես որոշվել է Հայաստանում մոնիտորինգային առաքելություն իրականացնել։
Նա նշեց, որ մեկ օր անց ինքնաթիռն անձնակազմով վայրէջք է կատարել Երևանում։ Հետագա իրադարձությունները, ըստ Զասի, վկայում են, որ ՀԱՊԿ-ը կարող է արագ և արդյունավետ աշխատել։
Զասի խոսքով` առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի «ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը, որը քննարկվել է նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
Ըստ նրա` ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ի գլխավոր նպատակը կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովումն է, նրանց համախմբվածության բարձրացումը: Ընդ որում` այս առումով նախկինի պես առաջնահերթ են քաղաքական-դիվանագիտական միջոցները։
Զասը հավելեց, որ 2022-ը ՀԱՊԿ երկրների համար բարդ տարի էր, նախ` Ղազախստանի դեպքերը, հետո ՌԴ-ի հատուկ օպերացիան, իսկ սեպտեմբերին արդեն հայ–ադրբեջանական բախումներն էին, երբ 2 օրվա մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին. «Մենք լուրջ մարտահրավերների բախվեցինք, որոնք պահանջում էին նորովի մոտենալ ստեղծված իրավիճակին և օպերատիվ քայլեր ձեռնարկել»։
Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարի ռեկորդային թվով նիստեր են գումարվել` մեկ տարում 5 նիստ։