ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է նա․ Պուտինը՝ դատապարտված քաղաքական գործչի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնաբանել քաղաքական գործիչ, բլոգեր Իլյա Յաշինի դատավճիռը և ասել է, որ նպատակահարմար չի համարում միջամտել և կասկածի տակ դնել դատարանի որոշումը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Յաշինին դատապարտելու հարցը մամուլի ասուլիսում բարձրացրել է «Կոմերսանտ» թերթի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը։
«Իսկ ո՞վ է նա»,-հարցրել է Պուտինը քաղաքական գործչի դատավարության վերաբերյալ հարցը լսելով։
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ «կան օրենքով սահմանված իրավունքներ՝ քաղաքացիներին պաշտպանելու համար»։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Յաշինի փաստաբանները նախկին պատգամավորի վերաբերյալ դատավճռից հետո «անպայման գիտեն՝ ինչ անել»։
Նշենք, որ Մոսկվայի Մեշչանսկի դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինին դատապարտել է ութուկես տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեղադրանքով։ Ազատազրկման ժամկետի ավարտից հետո նրան չորս տարով կարգելեն օգտվել ինտերնետից։ Քրեական գործը հարուցվել է Յաշինի ապրիլյան ուղիղ եթերից հետո, որում նա խոսել է ռուսական օկուպացիայի ժամանակ Կիևի շրջանի Բուչայում քաղաքացիական անձանց սպանության մասին։ Յաշինը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։
Ըստ մեղադրող կողմի, քաղաքական գործիչը «գիտակցաբար կեղծ տեղեկություններ» է տարածել «քաղաքական ատելության հողի վրա», թեև գիտեր, որ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։
Յաշինը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտարարել է, որ իր խոսքում մեջբերել է Ուկրաինայի դիրքորոշումը Բուչայում սպանությունների վերաբերյալ, և ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշումը և անկախ լրագրողների զեկույցները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 287-րդ օրը։