Հասարակություն

Նախքան Բաքու այցն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևին կողմ են քվեարկել, հետո Բաքվի գովքն արել

Նախքան Բաքու այցն Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևին կողմ են քվեարկել, հետո Բաքվի գովքն արել

2022 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգին Էրօղլուն և Ֆրանկ Բոգովիչը կողմ էին քվեարկել հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևին։ Սակայն Ադրբեջան այցելելուց հետո նրանց քննադատությունը փոխարինվեց դիկտատուրայի գովեստով՝ գրել է Blankspot լրագրողական հարթակը, փոխանցում է 1lurer.am-ը։

 

Թեև այցի համար վճարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանականները այդպես էլ չեն հայտարարագրել թափանցիկության մասին հաշվետվությունը։

Օրենսդրության համաձայն՝ արգելվում է 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունել, իսկ եթե կոնկրետ ուղևորության շրջանակներում անհրաժեշտ է դա անել, ապա նվերը պետք է հայտարարագրվի։ Ո՛չ Բոգովիչը, ոչ էլ Էրօղլուն չեն տեղեկացրել ո՛չ ուղևորության, ոչ էլ 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ստանալու մասին:

«Հատկանշական է, որ Բաքվում պատգամավորները հանգրվանել են Marriott հյուրանոցում, ինչի համար վճարել են Ադրբեջանի իշխանությունները։ Հյուրանոցը պատկանում է Ալիևի Pasha Holding Group ընկերությանը։ Այն, որ ուղևորության ընթացքում ամեն ինչ, բացի ինքնաթիռի տոմսերից, վճարվել է ադրբեջանական բռնապետության կողմից, խորհրդարանականներին չի խանգարել, քանի նրանց դեռ չեն սկսել անհարմար հարցեր տալ»,- գրել է պարբերականը։

 

Պատվիրակության այցի հիմնական նպատակը Ադրբեջանի այսպես կոչված, «խելացի գյուղեր» այցելելն էր այն տարածքներում, որոնք Բաքուն զավթել է Լեռնային Ղարաբաղից 2020 թ. պատերազմի ժամանակ:

 

Վերադառնալով տուն՝ Ֆրանկ Բոգովիչն իր բլոգում երկար ու դրական գրառում է հրապարակել այդ «խելացի գյուղերի» մասին։ Ուղևորությունից երկու ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, Էնգին Էրօղլուն, իր հերթին, Facebook-ի իր էջում հրապարակում է կատարել՝ ընդգծելով, թե Ադրբեջանը լավ գործընկեր է գազի ներկրման հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանը էներգետիկ պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ»: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանում գազի արդյունահանման 20 տոկոսը և այնտեղից դեպի ԵՄ անցնող գազատարների զգալի մասը պատկանում է ռուսական «Լուկօիլ» ընկերությանը, իսկ Ադրբեջանը, հնարավոր է, Ռուսաստանից գազ է ներկրում, որպեսզի կատարի ԵՄ արտահանման խոստումները»,- եզրակացրել է Blankspot-ը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250