Հասարակություն

Ռուսական նավթի գնի առաստաղի շուրջ բանակցությունները հետաձգվել են

Gohar Vardanyan
Ռուսական նավթի գնի առաստաղի շուրջ բանակցությունները հետաձգվել են

Ռուսական նավթի գների սահմանաչափի շուրջ Եվրամիության (ԵՄ) բանակցությունները հետաձգվել են, քանի որ դիվանագետներին ավելի շատ ժամանակ է պետք տարաձայնությունները հարթելու համար:  Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դեպքին ծանոթ աղբյուրներին։

 

Այն, որ ԵՄ երկրների միջեւ ռուսական նավթի գների առավելագույն մակարդակի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, երեկ՝ նոյեմբերի 23-ին, հայտնել են գործակալության աղբյուրները։  Միաժամանակ գործակալությունը նշել է, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կարող է տեղի ունենալ եւս մեկ հանդիպում։  Ավելի ուշ Եվրամիությունը հաստատել է, որ չեն կարողանում համաձայնության գալ։

 

Politico-ն, վկայակոչելով անանուն դիվանագետներին, հայտնում է, որ երկրների միջև տարաձայնությունները կապված են, մասնավորապես, Լեհաստանի և Բալթյան երկրների դիրքորոշման հետ։  

 

Հրատարակության տվյալներով՝ նրանք պահանջում են մեկ բարելի դիմաց 30 դոլար առավելագույն չափ։  Միևնույն ժամանակ, ԵՄ երկրների մեծ մասն առաջարկում է մեկ բարելի դիմաց 65-70 դոլարի սահմանաչափ:  Էստոնիան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը, քանի որ մեկ բարելի դիմաց 65-70 դոլար գնային շեմը իշխանություններին «չափազանց բարձր» է թվում։

 

Նավթի գների առաստաղի սահմանումը նախատեսվում է ԵՄ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում։  Դեկտեմբերի 5-ին սպասվում է ռուսական նավթի սահմանափակումների ներմուծում, փետրվարի 5-ին՝ նավթամթերքի նկատմամբ։  

 

Նոյեմբերի 21-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հաստատել է, որ Ռուսաստանը նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք կմիանան գների առաստաղի մեխանիզմին։  Մեխանիզմն ինքնին ենթադրում է սահմանվածից բարձր գնով վառելիք տեղափոխող լցանավերի ապահովագրման արգելք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250