Ազատումների շքերթ Արցախում․ նոր կադրերին կբերե՞ն դրսից․ «Ժողովուրդ»

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաեւ գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել:

 

Օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցել են, որ մինչեւ այս պահը նոր անուններ չեն շրջանառվում:

 

«Այդ տեղեկությունը նա խիստ գաղտնի է պահում: Հայտնի էլ չէ, թե այս մասով ո՞ւմ հետ է քննարկումներ ունենում, կամ, առհասարակ, քննարկումներ ունենո՞ւմ է, թե՞ ինքն անձամբ է որոշումներ կայացնում»,- ասել է թերթի զրուցակիցն ու ավելացրել, որ Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երեւույթին, արցախցիներից չի ձեւավորվի:

 

«Կա՛մ Հայաստանից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից: Անընդհատ շեշտում է, թե այսօր Արցախում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ու դրա համար, ըստ երեւույթին, «ոչ ստանդարտ» լուծումների մասնագետների առաջին պլան կբերի»,- ավելացրել է  զրուցակիցը:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հիշեցնենք՝ երեկ  հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ, որով պաշտոնից ազատել է Արցախի Արտքաին գործերի նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների։ 

 

Մենք էլ Արցախի Արտաքին գործերի նախարարի արդեն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ են պայմանավորված Արայիկ Հարությունյանի վերոնշյալ որոշումները։ 

 

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ (խմբագրված-նույն տեղում) պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես հո երեխա չեմ, որ հիստերիայի մեջ ընկնեմ, առավել ևս, որ դուք գիտեք՝ ես այն մարդկանցից եմ, որը որևէ փուլում աթոռների և տաբուրետկաների համար չի կռվել։ Կառավարության մի մասը, որն համակարգում է պետնախարարը՝ 5 նախարար ազատվել է պաշտոնից, 4-ը շարունակում են որպես ժամանակավոր պաշտոնոկատար աշխատել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ սա բնական երևույթ է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ