Ունենք մի մեծ գլոբալ պրոբլեմ, որն ի վիճակի է ծածկել մեր ունեցած բոլոր հաջողությունները․ Փաշինյան

Ունենք մի մեծ գլոբալ պրոբլեմ, որն ի վիճակի է ծածկել մեր ունեցած բոլոր հաջողությունները` խոսքը 2020-ի 44-օրյա պատերազմն է, բազմաթիվ զոհերն ու մեր ողբերգությունը։ Մարզահամերգային համալիրում «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Դրանից հետո Փաշինյանը խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

 

«Հիմնական հարցը, որին պետք է պատասխանենք, այն է` ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ունենք պարագա, երբ մեր ծրագիրը հաջողություն է բերել, ունենք դեպք էլ, երբ մեր ծրագրին հավատարիմ մնալն անհաջողություն է բերել` ԼՂ դեպքը հենց դրա մասին է։ Մենք երբեք չենք մտածել, որ ԼՂ հարցը մի հարց է, որը պետք է օգտագործեինք իշխանության մնալու կամ ներքաղաքական խնդիրները լուծելու համար»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` ինչպես ներքաղաքական առումով փորձել են գնալ պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով, նույն կերպ էլ գնացել են ԼՂ խնդրի հետևից։ Փաշինյանը նշեց, որ մեծագույն խնդիրն այն է եղել, որ ԼՂ հարցին մոտենան պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում։

 

Նա խոսեց 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման և դրա վերաբերյալ խոսակցությունների մասին։

 

«Մեր գործընկերներից շատերն իմ աշխատասենյակում են եղել, երբ ես այդ թուղթը ստորագրել եմ։ Այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա, դրա շուրջ ամբողջ շարժումներ կառուցեցին, հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են այդ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները։ Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա ասում են, որ ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Դա պատմական նոնսենս է, պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը երկու–երեք անգամ կապիուլյացիա ստորագրի»,-ասաց Փաշինյանը։

 

Փաշինյանը կրկին նշեց` 2007-ին ՀՀ իշխանությունը մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք օգտագործելով` ոչնչացրել էԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը։ Նա ասաց` ՔՊ–ն, իշխանության գալով, իրենից կախված ամեն ինչ արել է ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար։

 

«Բայց արձանագրեցինք, որ ՀՀ–ն 1991-ից մինչև 2008-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքերը։ ՀՀ իշխանությունները մի գիծ են տարել` Ադրբեջանին հույս տալ, որ առանց պատերազմի կարող են հասնել ամեն ինչի և 2018-ի ապրիլին այն ժամանակ իշխանության գլխին կանգնած անձն արձանագրեց դրա ավարտը»,–ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով` իշխանության գալով` ՔՊ–ն փորձել է ԼՂ–ն բանակցությունների սեղան վերադարձնել, սակայն պարզել է, որ ՀՀ–ն որևէ բան այլևս այդ համատեքստում չի որոշում և միակ բանը, որ կարող է որոշել` հլու–հնազանդ այլ տեղերում կայացած որոշումները կատարելն է եղել։

 

Եվ եթե իշխող կուսակցությւոնը սխալ է արել, ապա, ըստ Փաշինյանի,  սխալն այն է, որ չեն հնազանդվել այդ որոշումներին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ