
Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը․ Օհանյան

ԼՂ խնդրի լուծման ամենաընդունելի ֆորմատը ՀՀ խորհրդարանական ընդդիմության համար Հայաստան –Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ՌԴ տեսակետը հույս է ստեղծում, որ Արցախի հարցի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,– ասել է Օհանյանը` ի հակադրություն նշելով, որ վաշինգտոնյան կարգավորման տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է մեկընդմիշտ։
Այս տեսակետից «Հայաստան» դաշինքի համար ԱՄՆ առաջարկն անընդունելի է։
«Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան այդ փաստաթուղթը, որի մեջ, Ադբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, մեծ քար է նետվում Արցախի ճակատագրի վրա, և Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Այստեղից էլ այն մեծ վտանգը, որ Արցախը կարող է հայաթափվել և զրկվել հազարամյակների իր պատմական տարածաշրջանում ապրելու իրավունքից»,– ասել է Օհանյանը։
Նախկին նախարարը մտավախություն ունի, որ, արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։ Բացի այդ, Օհանյանը վստահ է, որ Արևմուտքը բացառապես դիտորդական առաքելություն է իրականացնելու և անվտանգության խնդիր չի լուծելու։