
Հուսով ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին. Մարուքյան

Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր առաջարկները, Twitter-ում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին», - գրել է Մարուքյանը։
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրելով, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու: Մենք չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գտնեն, որ պետք է ընտրել այս խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Վաշինգտոնը, որքան ես պատկերացնում եմ, հասկանում եմ, դա նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, եթե Հայաստանը այդպես է մտածում, լավ, խնդրեմ», - ընդգծել էր Պուտինը։