«Ժամանակ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարաեց, որ հայկական կողմը քաղաքական կուրսի փոփոխության համար քայլ չի արել։ 

 

Սիմոնյանը նշեց` միգուցե ռուսական կո՞ղմն է քաղաքական առումով ուզում կուրսի փոփոխություն անել։ Նրա խոսքով` նման բան չկա։

 

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ քաղաքագետների կարծիքով` այս փուլում վտանգավոր է հարաբերությունների լարումը ՌԴ–ի հետ` հաշվի առնելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտքի արգելք Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ–ն ամեն օր ենթարկվում է հարձակման, ՀՀ անվտանգության համակարգն ակնհայտ խնդիրներ է ցուցադրում և որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։

 

«Այն պարտավորությունները, որոնք ունեն գործընկեր երկրները, պետք է ի կատար ածվեն։ ՀՀ–ն ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում, բայց ուզում է իր նկատմամբ արդար լինեն, իր սահմանների հետ կապված պարտավորություններն անեն, այստեղ էմոցիա չկա։ Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, մեր սահմանում ունենք ներխուժած օտարերկրյա զորք»,–նշեց ԱԺ նախագահը։

 

Սիմոնյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ին և նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից դուրս չի գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Նրա խոսքով` եթե ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից, պետք է Հայաստանին տեղյակ պահի։

 

«Վերբալ պայմանագրային առումով կա համաձայնություն` ՀՀ անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է։ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համար ՀՀ–ն դեռ սպասում է ՀԱՊԿ–ի արձագանքին, իսկ այն պետք է առնվազն քաղաքական լինի։ Հետագայում եթե պարզվի, որ ՀԱՊԿ–ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող է` մենք փաստի առաջ կանգնենք։ Մենք սպասում ենք գործողությունների, իսկ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք. ՀՀ ամենանեղ հատվածը 30 կմ–ի չափ է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

Քաղաքականություն