ՌԴ-ն 2-րդ ատոմակայանը կկառուցի Թուրքիայում. «Ռոսատոմ»-ի ղեկավար

 «Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է սկսել Թուրքիայի գործընկերների հետ Սև ծովի ափին երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս մասին չորեքշաբթի «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում լրագրողներին տված մեկնաբանությունում ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ 

«Մենք սկսել ենք բանակցություններ մեր թուրք գործարար գործընկերների հետ տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և թուրքական էներգետիկ շուկայի ձևավորման առումով մոտեցումների ձևավորման շուրջ՝ հաշվի առնելով խոշոր ատոմակայանի ապագա ներկայությունը»,- ասել է Լիխաչովը: 

«Ռոսատոմ»-ի ղեկավարը հիշեցրել է, որ երկրորդ ատոմակայանը կկառուցվի Սինոպում։ Նրա խոսքով՝ «սա արդեն հայտնի տեղանք է Սև ծովում աշխարհի բոլոր միջուկային գիտնականների համար, որը շատ գրավիչ է մեծ և հզոր չորս բլոկից բաղկացած կայանի տեղակայման առումով»։ 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից Սև ծովի ափին երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ 

«Ռոսատոմ»-ը ներկայում կառուցում է «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայում։ Սինոպի կայանը պետք է դառնա հանրապետության երկրորդ ատոմակայանը՝ համաձայն Անկարայի կողմից ընդունված երկրի զարգացման ռազմավարական ծրագրի։ Նաև ապագայում Թուրքիան մտադիր է երրորդ ատոմակայան կառուցել։ 
 

Քաղաքականություն