Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ նրա հետ սուր վեճի է բռնվել. Պեսկովը մեկնաբանել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում պառակտման մասին պնդումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Կան աշխատանքային վեճեր՝ տնտեսության, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ Կրթական համակարգի մասին վեճեր կան։ Դա նորմալ աշխատանքային գործընթացի մի մասն է, եւ դա որեւէ պառակտման նշան չէ», - ընդգծել Է Պեսկովը` մեկնաբանելով The Washington Post թերթում տեղ գտած հոդվածը։

 

Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն արձանագրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունում տարաձայնություններ եւ բանավեճեր են տեղի ունենում այս կամ այն առանցքային հարցերի շուրջ: 

 

«Ոմանք կարծում են, որ մենք պետք է այլ կերպ գործենք։ Սակայն դա սովորական աշխատանքային գործընթացի մի մասն է», - նշել է Պեսկովը։

 

Ավելի վաղ The Washington Post ամերիկյան պարբերականը գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ, որի անունը չի հաղորդվում, նրա հետ զրույցում սուր վեճի է բռնվել և ուղիղ մատնանշել է Ուկրաինայում բանակի սխալները և անհաջողությունների պատճառները:

 

Այդ անձը Պուտինի հետ լարված զրույցում մտահոգություններ է հայտնել «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում բանակի ղեկավարների թերի աշխատանքի և գեներալների թույլ տված սխալների մասին: