
Խիստ ձմեռ կլինի նրանց համար, ովքեր օգնում են Ուկրաինային. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախազգուշացումը

Ուկրաինայում մարտերը «թևակոխում են կրիտիկական փուլ» և «այնտեղ կոշտ է լինելու», քանի որ ձմեռ է սկսվելու, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ի համար գրած հոդվածում։
Կիևին օգնող դաշնակիցների «միասնությունն ու համերաշխությունը» «խիստ փորձության կենթարկվեն», քանի որ «ընտանիքներն ու բիզնեսները կզգան էներգակիրների գների և կյանքի ծախսերի կտրուկ աճը», - ասել է նա։
Ստոլտենբերգը նախազգուշացրել է «դժվար վեց ամսվա» մասին՝ հոսանքազրկման կամ էլեկտրաէներգիայի անջատման սպառնալիքներով, և «գուցե նույնիսկ քաղաքացիական անկարգություններով»: Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է հավատարիմ մնան Ուկրաինային օգնելու և դրա գինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ շատ ավելի բարձր, «վճարելու» իրենց բռնած կուրսին։
«Մենք բարոյական պատասխանատվություն ունենք աջակցելու այս անկախ ժողովրդավարությանը Եվրոպայի սրտում: Գինը, որը մենք վճարում ենք Ուկրաինային աջակցելու համար, ձեռնտու է նաև մեր անվտանգությանը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստում է «ավելի քան մեկ տասնյակ նոր նախագիծ՝ օգնելու Ուկրաինային գոյատևել ձմեռը» և շարունակելու օգնել նրան ուժեղացնել իր պաշտպանական հատվածը «երկարաժամկետ հեռանկարում»՝ խորհրդային ժամանակաշրջանի զենքերից մինչև ՆԱՏՕ-ի չափանիշներ:
«ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորած ուկրաինական պաշտպանության կոնտակտային խմբի մի մասն է, որի հետ ես կրկին կհանդիպեմ այս շաբաթ՝ նպատակ ունենալով հստակ ուղերձ հղել, որ մենք պետք է շարունակենք ուժեղացնել օգնությունը, որն անհրաժեշտ է Ուկրաինային»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է պատժամիջոցների կարևոր դերը Ուկրաինային աջակցելու գործում, որոնք «ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա և ժամանակի ընթացքում էլ ավելի կխայթեն՝ հաշվի առնելով ռուսական էլիտայի ուղեղների և կապիտալի արտահոսքը, ճանապարհորդությունների արգելքը և ակտիվների սառեցումը»: