«Զգուշացեք, երեխաներ են»․ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից միջոցառում է անցկացնելու

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցել են ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։


Հանցագործությունները, մասնավորապես՝ գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների և գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։ Խոսվել է նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացման մասին։ Հանձնարարվել է համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։


Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Պատահարներ