ՏԵԱՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին․ Քերոբյան

Մենք մեր երկրում օրենքները չենք հարգում: Օրինակ՝ սրճարաններում բոլորը ծխում են: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Նա նշեց՝ այսպիսի վարքագիծը չի կարող բերել այնպիսի զարգացման, որն անհրաժեշտ է այս տարածաշրջանում կայուն ձևով զարգանալու համար:

Հարցին՝ ինչու իշխանությունները չեն հետևում, որպեսզի իրենց ընդունած օրենքները կյանքի կոչվեն, Քերոբյանը պատասխանեց. 

 

«Համաձայն եմ: Ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որ դիսցիպլինա հաստատվի»:

Քերոբյանը նշեց՝ պետք է ընդունենք, որ մենք դեռ շատ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց:

 

Նշենք նաև, որ նախարարը անդրադարձավ նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տուժած տնտեսվարողներին՝ նշելով, որ  Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: 

Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: 

«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել  և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել,ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ