«Շորերիցս էր քաշում, ասում էր՝ ինչի՞ ուղղաթիռ չեք բերում, թե ուղղաթիռը ձեր ֆռֆռալու համար է». ինչպես են մարդիկ խոջընդոտել փրկարարական աշխատանքին. Armtimes

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մեկ շաբաթից ավելի է անցել, սակայն մեկ անձ դեռեւս անհետ կորած է համարվում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ոչ միայն որոնողական, այլեւ տարածքի մաքրման աշխատանքները, տեղ-տեղ՝ իրականացնում հարկադրված փլուզումներ, որպեսզի հետագա աշխատանքները լինեն արդարացված ռիսկի սահմաններում:

 

Այդ աշխատանքներում ներգրավված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը զրուցել է «Armtimes»-ի հետ: Խոսելով աշխատանքի բուն ընթացքի, դրանում կամավորների ներգրավվածության ու աջակցության մասին՝ Կարեն Ավետիսյանն ասում է՝ մեր ազգի առանձնահատկություններից մեկը օգնության հասնելն է, անտարբեր չլինելը, բայց հաճախ մարդիկ այդ խուճապահար վիճակում շատ ավելին են պահանջում փրկարար ծառայողից, քան այդ պահին պետք է կամ հնարավոր է:

 

«Մի կին մոտեցել, շորերիցս էր քաշում, ասում էր՝ ինչի՞ ուղղաթիռ չեք բերում, մյուսն էլ կողքից ասում էր՝ ուղղաթիռն իրենց ֆռֆռալու համար է եւ այլն: Սա իրավիճակ է, երբ քաղաքացին նման իրավիճակներում դրսեւորման գիտելիք չունի, գտնվում է արտակարգ իրավիճակների տաք գոտում եւ ոչ թե օգնում, այլ խանգարում է»,- նկատում է Ավետիսյանն ու հավելում՝ ուղղաթիռով վերեւից ջուր լցնելն այդ իրավիճակում առնվազն անգրագետ մոտեցում կլիներ: Նրա խոսքով՝ չէին կարող մեծ քանակությամբ ջուր լցնել փլատակներին, որտեղ հավանաբար կարող էին ողջ մնացած մարդիկ լինել:

Ըստ Ավետիսյանի՝ ներսում հարազատ ունեցող մարդիկ ավելի ըմբռնումով էին մոտենում խնդրին եւ ավելի համբերատար էին, քան պատահականության սկզբունքով այդտեղ հայտնվածները:

 

«Քաղաքացիներ կային, որոնք չէին պահպանում անվտանգության հասարակ կանոնները, հողաթափերով, առանց ձեռնոցի հայտնվել էին տաք գոտում եւ փրկարարական ծանր տեխնիկայից էլ հեռու չէին գնում, ոստիկաններին չէին ենթարկվում: Խոչընդոտներ շատ են եղել»,- նկատում է զրուցակիցը:

 

Հարցին՝ աջակցություն չի՞ եղել, Ավետիսյանը պատասխանում է. «Կոնկրետ տեղամաս կար, որը ձեռքերով բացեցին ՈՄԱ-ի տղաներն ու կամավոր եկած քաղաքացիները: Նրանց 30 տոկոսը ենթարկվում էր Փրկարար ծառայության հրահանգներին, աջակցում ուժերի ներածի չափով, սակայն եկածների 70 տոկոսն էլ չար երեխայի պես էր պահում իրեն: Մենք ոստիկանությանը խնդրում էինք դուրս հանել տարածքից այդ անձանց, բայց դա ֆիզիկապես ուղղակի անհնար էր այդ իրավիճակում: Կարմիր խաչի եւ ՈՄԱ-ի աշխատանքից շատ գոհ ենք, պատրաստված, գրագետ մոտեցում էին ցուցաբերում, ինչը մեր գործին շատ օգնեց»:

 

Խոսելով պատահարի, դրա վերացմանն ուղղված աշխատանքների դժվարությունների մասին՝ վերջինս ասում է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նման իրավիճակի պատրաստ էր ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ մարդկային ռեսուրսներով, այլ երկրներից օգնության կարիք չի եղել:

«Նման մասշտաբի արտակարգ իրավիճակի պարագայում վթարավերականգնողական, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում չունենալ հավելյալ տուժածներ թե՛ փրկարարների շրջանում, թե՛ քաղաքացիական անձանց, խոսում է Փրկարար ծառայության բարձր պատրաստվածության մասին: Կարծում եմ՝ պատվով հաղթահարեցինք: Փրկարար ծառայությունը պատրաստ էր «Սուրմալուի» դեպքերին, հանրությունը պատրաստ չէր: Փլատակների մաքրումը, անկայուն կոնստրուկցիաների ապամոնտաժումն ավելի երկարեց մարդկանց գիտակցության պակասի եւ խուճապի պատճառով»,- նկատում է նա:

 

Անդրադառնալով այս օրերին հնչած տարատեսակ բողոքներին եւ այն պնդումներին, թե՝ եթե ԱԻՆ-ը ավելի օպերատիվ գործեր, գուցե շատ ավելի մարդու կյանք հնարավոր լիներ փրկել՝ Կարեն Ավետիսյանը փաստում է՝ դեպքից հետո զոհված առաջին 9 անձանց որքան էլ շուտ դուրս բերեին, միեւնույն է, ոչինչ այլեւս անել հնարավոր չէր լինի: «Մարդիկ ունեին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, այրված էին, մասնատված: Քաղաքացիներ կային՝ ամբողջությամբ այրվել էին, նույնիսկ այդ պահին սեռը հայտնաբերել չհաջողվեց, պարզապես թիկնեղ էր, ասացի՝ հավանաբար տղամարդ է, հետո պարզվեց»,- նշում է նա:

Ավետիսյանը ցավով արձանագրում է՝ այսօր մեր քաղաքացիների շրջանում տեղեկացվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, չեն սիրում ենթարկվել, ամեն մեկն իրեն գործի գիտակ է համարում: «Եթե քաղաքացին տեսնում է սահմանազատված տարածք, պետք է հասկանա, որ իր մուտքն արգելվում է: Փրկարարական աշխատանքների տաք գոտում պետք է գտնվեն բացառապես փրկարարի որակվում ունեցող անձինք, որը սովորական քաղաքացին չունի: Մանկապարտեզից, դպրոցից պետք է մարդկանց սովորեցնել, որ արտակարգ իրավիճակների ժամանակ իրավիճակը վերահսկում է Փրկարարական ծառայությունը»,- շեշտում է նա:

 

Անկախ թվարկվող թերություններից, այնուամենայնիվ, վերջինս ընդգծում է՝ քաղաքացիները վստահում են փրկարարներին. «Մեր փրկարարական կենտրոնն օրական սպասարկում է միջինում 10-15 կանչ, տարբեր բնույթի՝ կենցաղային, ջրասուզական, ՃՏՊ-ներ, փլուզումներ, հրդեհ եւ այլն, եւ այլն: Հանրությունը ծանոթ է մեր աշխատանքի որակին, փրկարարի համազգեստով մարդկանց տեսնելիս մեր քաղաքացիները ժպտում են, ճանաչում ու վստահում»:

Քաղաքականություն

Պատահարներ