
Ատրակցիոնների աշխատանքում առայժմ լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել. ԱԻ նախարար

Ատրակցիոնների աշխատանքում առայժմ լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
Նախարարը հայտնեց, որ երկրում գրանցված է 212 ատրակցիոն։ Դրանցից 140-ը ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության աշխատակիցների կողմից ստուգումներ են անցել։ Որոշ խնդիրներ հայտնաբերվել եւ ուղղվել են։ Փամբուխչյանն ընդգծեց, որ չեն հայտնաբերվել այնպիսի խնդիրներ, որոնք կխանգարեին ատրակցիոնների շահագործմանը։ Միաժամանակ նախարարը նշեց, որ ՊՈԱԿ-ին հանձնարարել է բացահայտել բոլոր հնարավոր խնդիրները։ Հաշվետվությունը կստացվի մոտ օրերս։
212 ատրակցիոններից մնացածը ստուգվել են էկոնոմիկայի նախարարության լիցենզավորած մասնավոր ընկերությունների կողմից։ Ինչպես պարզվել է, ատրակցիոնի սեփականատերն ինքն է որոշում, թե ում դիմի։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կարուսելների վիճակը տխուր է եւ չբացառեց որեւէ ողբերգական միջադեպը։