Հնդկաստանում ջրհեղեղների և անձրեւների հետեւանքով զոհվերի թիվն ավելանում է

Հյուսիսային եւ արեւելյան Հնդկաստանում մուսոնային ինտենսիվ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները վերջին երեք օրվա ընթացքում 50 մարդու կյանք են խլել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: 

Անձրեւները հարյուրավոր գյուղերում քշել տները՝ թողնելով բնակիչներին արգելափակված վիճակում, մինչդեռ փրկարար խմբերը շտապ տարհանել են ողջ մնացածներին: 

Ավելի վաղ դաշնային օդերեւութաբանական գրասենյակը կանխատեսել էր, որ օգոստոսին եւ սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, Հնդկաստանում միջին քանակի տեղումներ կլինեն, ինչը ցույց է տալիս, որ բերքը, ընդհանուր առմամբ, լավը կլինի Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունում, որը հենվում է գյուղատնտեսության վրա՝ աճը խթանելու եւ աշխատատեղեր ստեղծելու նպատակով: 

Գյուղատնտեսությունը մոտ 15 տոկոսով ներդրում է Հնդկաստանի 2,7 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսության մեջ: 

Վերջին երեք օրվա ընթացքում Հիմալայան Հիմաչալ Պրադեշ նահանգում հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվում են սողանքներով եւ ջրհեղեղներով, առնվազն 36 մարդու կյանք են խլել, լրատվական գործակալությանը հայտնել է նահանգի կառավարության ներկայացուցիչը։ 

Հարեւան լեռնային Ուտարախանդ նահանգի պաշտոնական զեկույցում ասվում է, որ անդադար անձրեւների հետեւանքով զոհվել է չորս, եւ անհետ կորել 13 մարդ: 

Արևելյան Օդիշա նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը առնվազն 6-ն է։ 

Օդիշա նահանգում ջրհեղեղից տուժել է մոտ 800 հազար մարդ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Անձրեւները խաթարել են էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները: Նահանգի տուժած շրջաններից տարհանվել է 120 հազար մարդ։ Իսկ Արեւելյան Ջարխանդ նահանգում Նալկարի գետը վարարել է եւ քշել տարել հինգ մարդու, որոնցից 4-ի դիերը հայտնաբերվել են:

Քաղաքականություն

Պատահարներ