
«Դեռ օջախներում այրում ունենք». ԱԻՆ պաշտոնյան թարմացված ինֆորմացիա է հայտնել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
«Որոնվողը մեկ հոգի է, մոտավորապես տեղն էլ գիտենք՝ որ մասում պետք է լինի: Հուսով ենք՝ մոտակա ժամանակում ինչ-որ նորություն կունենանք: Խնդիրն այն է, որ վտանգավոր, կախված կոնստրուկցիաներ, պանելներ ունենք, դրանք էլ պիտի հեռացնենք ու աշխատանքը շարունակենք»,- ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը:
«Բարձր ջերմաստիճան է ներսում եղել, առավոտյան էլ օջախների մարման աշխատանքներ են իրականացվել, այսինքն, վեցերորդ օրն է՝ դեռ օջախներում այրում ունենք»,- հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ |