Օրվա լրահոս

 Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերը մինչեւ օգոստոսի 20-ը պետք է հայաթափվեն եւ հանձնվեն Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը, որն այս օրերին Արցախում է։

Նրա խոսքով՝ բնակիչներին սկզբում ասել էին, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է դուրս գան բնակավայրերից, սակայն հետո ասել են, թե ավելի շուտ պետք է դուրս գան տներից։

 

«Վաղը՝ օգոստոսի 18-ին, արդեն անջատվելու է էլեկտրաէներգիան, համացանցը, հեռախոսակապը։ Այս ամենն արվում է, որ հանձնվելիք տարածքներով անցնող էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ինտերնետի մալուխները հանվեն»,- ասաց նա:

 

Հոխիկյանը հայտնեց, որ Աղավնոն գրեթե դատարկվել է, բնակիչների քիչ մասն է մնացել գյուղում. «Տարհանվողներից քիչ մասն է մնացել Արցախում, շատերը գնացել են Երեւան, եւ Երեւանի հարակից տարածքներ»։

 

Փորձագետն ասաց, որ այդ բնակավայրերից տեղափոխվել է 30-ից ավելի ընտանիք. «Մնացել են երկու-երեք ընտանիք, որոնք էլ մինչեւ վաղը կտեղափոխվեն: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել են 250 հազար դրամ եւ 70 հազար տան վարձի գումար»։

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն օգոստոսի 1-ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էր ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 2 զոհ, 19 վիրավոր։ Օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

Վերջին նորություններ