ԱՄՆ-ն աջակցում է Գազայի հատվածի հարձակումներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին. Բայդեն

Միացյալ Նահանգներն աջակցում է Գազայի հատվածի հարձակումներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին, հայտարարել է Բայդենը։ Նա «ողջունել է եռօրյա ռազմական գործողություններից հետո Գազայում Իսրայելի և զինյալների միջև հրադադարի մասին հայտարարությունը»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի հետ զինադադարի կնքումը, հայտնում է Agence France-Presse-ը։

 

Խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Հինդին ասել է, որ կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի մանրամասների շուրջ։ Փաստաթուղթը, մասնավորապես, պարունակում է Կահիրեի պարտավորությունը՝ ջանքեր գործադրել կալանավորված առաջնորդ Բասամ աս-Սաադիին ազատ արձակելու համար։

 

Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 23:30-ին։

 

Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունում՝ նշելով, որ երկիրը իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել պայմանագրի խախտման դեպքում։

Քաղաքականություն