«Տարոն Չախոյանը պետք է հարցաքննվի». ինչ են պնդում Չալաբյանի պաշտպանները

«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը քրեական գործի կարճման միջնորդություն ներկայացրեց։ Հարությունյանը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է հանդիսացել «ֆեյք» իշխանական լրատվամիջոցում հրապարակված մոնտաժված ձայնագրությունը։

 

Բացի այդ, ըստ պաշտպանի, քննիչներն անտեսել են Տարոն Չախոյանին հարցաքննության կանչելու միջնորդությունը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և, ըստ որոշ տեղեկությունների, վերահսկում է «Medianews»-ի աշխատանքը, որտեղ էլ հայտնվել է Չալաբյանի վերաբերյալ սկանդալային ձայնագրությունը։

 

Հենց այդ մոնտաժված ձայնագրության հիման վրա է Չալաբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել։

Ինչպես դատական նիստում հայտարարեց Հարությունյանը, պաշտպանական կողմը դեռ պնդում է, որ ձայնագրությունը սարքվել և մոնտաժվել է Չալաբյանին «չեզոքացնելու» և ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու համար։

 

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։

 

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

 

Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։

Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։

Քաղաքականություն