
Արտակարգ դեպք՝ Շիրակում. դիզվառելիքով բեռնված գնացքում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այսօր` հունիսի 30-ին, Ժամը 09։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արթիկ երթուղու՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանող դիզվառելիքով բեռնված գնացքը (2 վագոն) Անուշավան գյուղի կայարանի մոտ այրվում է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 49 և թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, գնացքավարը սեփական ուժերով, վտանգելով իր կյանքը, կանխել է կրակի տարածումը, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակն ու կատարել հովացման աշխատանքներ։
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ օպերատիվորեն ժամանել և տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Կրակի պատճառն էլ եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։