Հավի միսը «լողում» է լոգարանում. ի՞նչ կապ ունի բոլորին զայրացրած տեսանյութը ՍԱՏՄ ստուգման հետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա կասեցրել է անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է, որ նույն տարածքի մի հատվածում պայուսակ, տաբատներ և այլ հագուստ է կախված, իսկ մյուս կողմում հավի միսը դրված է լոգարանում։
«Սկզբում ՍԱՏՄ տեսուչները ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ։ Դրանք նաև մաքուր և նորոգված վիճակում չեն եղել, խոնավ մաքրման և ախտահանման հնարավորությունն ու անձնակազմի համար հանդերձարանն էլ բացակայել է»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: ՍԱՏՄ տեսուչները ստուգումներն անցկացրել են Երևանի քաղաքապետարանից ստացած ահազանգի հիման վրա, իսկ քաղաքապետարանն այդ արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել է օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ տեսանյութ հրապարակեցինք, որում երևում էր, թե ինչպես է մի կին թղթե արկղեր նետում գետը։ Նշենք, որ տվյալ հաստատությունը (ԱՁ) ևս գրանցված էր Կարեն Ղարիբյանի անվամբ։ Որոշ լրատվականներ ակնարկում են, որ խոսքը նույն հաստատության մասին է։
