Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը․ Կապառոսը՝ երեկվա խաղի մասին
Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։
«Կարծում եմ, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց մեծ հաշիվ է։ Բայց խաղը տևում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։ Բայրամյանն ինքը խնդրեց, որ փոխարինվի, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ և իր թիմում 90 րոպե խաղալու սովոր չէ և մենք պետք է թարմացնեինք մեր թիմը։ Ցավոք, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց։ Սակայն շատ գոհ եմ տղաների գործադրած ջանքերից։
Շարունակում եմ մտածել, որ տասը օրվա ընթացքում չորս հանդիպում անցկացնելը բարբարոսություն է, պետք է մտածել ֆուտբոլիստների մասին, նրանք ի վերջո մարդ են։
Շարունակում եմ պնդել, որ ֆուտբոլը խաղ է և բախտի գործոնը կարևոր դեր է խաղում։ Այսօր բախտը մեզ չժպտաց։ Գրեթե երկու ինքնագոլ գրանցվեց մեր դարպասին։ Մրցակիցն էլ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց այդպես չստացվեց։ Սակայն շատ գոհ եմ այն տղաների խաղից, որոնք դաշտ դուրս եկան»,- ասաց Կապառոսը։