Կառավարությունը վաճառքի հանեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը

Պետությունը վաճառքի է հանում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը, որը գտնվում է Երևանի Օրբելու փողոց 23 հասցեում։ Այն ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը օտարման կներկայացվեն մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ գույքը ներկայացրել էր օտարման մրցույթով` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չէր կայացել հայտեր չլինելու պատճառով։

 

«Հաշվի առնելով, որ հիմա միայն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է գործունեություն իրականացնում նշված հասցեում՝ նախագծով սահմանվել է, որ գույքի օտարման դեպքում վերջինս ևս 6 ամիս կզբաղեցնի այդ տարածքը, ինչը հնարավորություն կստեղծի կազմակերպությանը ապահովել նոր տարածքով»,– ասված է կառավարության նախագծում։

 

Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին։ Այն նախկին զինվորական հիվանդանոցի շենք է՝ օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

Ըստ նախագծի` գնորդները կարող են գույքի գումարը վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։

Քաղաքականություն